Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշեց ախչիկը դարդըմախ էլավ...։ Ես էլ դարդեմեն ետ էն երկրեն տուս էգամ, որ էլ չտսնամ դար գերեզմանը…

Խոյեցի հասասն այդ խոսքերն այնպիսի մի ցավալի կերպով պատմեց, որ ինքը նույնպես չկարողացավ զսպել յուր արտասուքը,և վերջին տողերն արտասանելու միջոցին նրա ձայնը բոլորովին խեղդվեցավ։

Գիգոլին ցավելով նայում էր նրա վրա, տեսնելով, որ սերն ունի յուր բոցավառ զորությունը մինչև անգամ այնպիսի պարզամիտ և անմեղ արարածների մեջ, որպիսի էր խոյեցի հասասը։ Եվ նա դարձավ դեպի Կարոն այդպիսի խոսքերով․ — Էդպես է, Կարո՜, Բայց ավելի լավ է, որ մարդ ինքը մեռնի ու չտեսնի յուր սիրած աղջկան մեկ ուրիշը տանելիս… դու էլի բախտավոր ես, Կարո, որ տեսար քո սիրածի գերեզմանը․․․

Կարոն տեսավ, որ յուր խոսակիցն ավելի տխրության մեջ ընկավ, ասաց նրան․

— Աղա, ձեր թաղը էս քշեր խարնիս կա, աղեկն էնի, որ դուքանդ փակես, էթաս էնտեղ, որ սիրտդ բացվի։

— Հարսնի՞ք… — կրկնեց Գիգոլին մի զարհուրելի սարսուռ զղալով յուր ամբողջ մարմնի մեջ։

— Խրամանքս, խարնիս, ես ձեր թաղեն էս քշեր ընցամ, զուռնա-նաղարայի ձեն էր իգալի Շուշանի քրոջ Սոփոյի տնեն։

Գիդոլին բոլորովին շփոթվեցավ և խնդրեց հասասին օգնել իրան խանութը կողպելու։

Կես ժամից հետո նա հասավ պառավ Սոփոյի տանը։ Նվագածությանը ձայները մի նոր սարսափ ձգեցին նրա վրա։ Պատանին քարացած, կանգնած լսում էր Հարսանիքի տնից եկող ձայները, և նրա վրդովմունքը գնալով սաստկանում էր։ Հանկարծ երևաց մի օրիորդ, որ փոքրիկ լապտերը ձեռին վազում էր դեպի մոտավոր տունը։

— Ա՜խ, Նինուցի, դո՞ւն ես,— կոչեց պատանին նրան տեսնելով։

— Ես իմ, Գիգոլի ջան,— ձայն տվեց օրիորդը և կանգնեց։

— Ուր ես գնում։

— Միր տուն, մանտոս վիկալնեմ, խիստ ցուրտ է․ հիմա պսակ պիտի գնանք։

— Ի՞նչ պսակ,— շփոթվելով հարցրուց պատանին։

— Չի՞ս գիտի, Նատոյի պսակն է էս գիշեր։

Պատանին բոլորովին թուլացավ։