Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նատոն հիմի էլ է սիրում քիզ, Գիգոլի ջան,— ասաց Նինուցին․— քանի գամ սիրտը գնաց, թիլացավ, ես նրան ուշքի բերի․․․։ Նա ասում էր ինձ. Նինուցի, ես կմեռնիմ, ինչկլի ինձ եկեղեցի տանին։

— Ախ, աստվա՜ծ... — կոչեց պատանին խորին հուսահատության մեջ։

— Նատոն միղ չունի, Գիգոլի ջան,— առաջ տարավ օրիորդը.— նա ասում էր, որ քիզ չի մոռանա ինչկլի մահը կսիրե քիզ...։ Բայց քոռանա՜ քու հորն ու մոր աչքերը, վուր ձիզ մեկմեկուց բաժանեցին...։

Պատանին էլ ոչինչ չխոսեց, նա յուր դողդոջուն քայլերն ուղղեց դեպի Քուռի կողմն, երբ Նինուցին հեռացավ նրանից։ Այդ լռությունը խիստ զգալի եղավ օրիորդին, որին հայտնի էր Գիգոլու հուսահատ դրությունը։ Այդ պատճառով Նինուցին հեռվից նայում էր, տեսնել, թե որ կողմը գնաց պատանին։ Օրիորդն էլ չսպասեց գնալ իրանց տունը, վեր առնել յուր մանտոն, այլ կրկին մտավ հարսանիքի տունը և հազիվ լսելի ձայնով շշնջաց եղբոր ականջին.

— Ստեփկո, մեր Գիգոլին էս նմուտին Սաղի կուռը գնաց, ես խիստ դարդոտ տեսա նրան, գնա, տես ինչ էլավ խեղճ տղին։

Լսելով այդ խոսքերը Նինուցայի եղբայրն, իսկույն դուրս վազեց։ «Խե՜ղճ Գիգոլի, ինչու է գնում նա Սաղի կուռը», ասում էր Ստեփկոն ինքն իրան։

Երկնքի սև ամպերը սկսել էին արդեն նոսրանալ և, Քուռի ափերը լուսավորում էին լուսի դունաթափ շողքերով։ Քանի րոպեից հետո Գիդոլին հասավ գետի եզերքը։ «Էլ էստումեն դենը ինձ պետք չէ ապրել»,— ասաց նա և պատրաստվում էր իրան ջուրը ձգել, երբ Ստեփկոյի երկաթի մատնեքը բռնեցին նրան։

— Ա՜խ, Ստեփկո, թե ախբեր իս, թող տուր,— աղաչում էր պատանին։

— Ինչ իս շինում, գժվի՞լ իս,— պատասխանեց Ստեփկոն հեռացնելով նրան գետի ափից։

— Ա՜խ, ի՞նչի դուն վրա հասա՜ր...