Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշանը, տեսնելով որ ծերունին ձեռքը ձգեց և կամենում էր բռնությամբ դեպի դուրս քաշել յուր փեսացուն, վազեց և բռնելով նրա թևքից, ճչաց․

— Բիձա՛, բիձա՛, ո՞վ ես, ի՛՛նչ ես անում, ի՞նչ դավի ունիս դրա հետ։

Ծերունին յուր վայրենի դեմքը շրջեց դեպի Շուշանը, պատասխանեց մի փոքր մեղմացնելով յուր գյուղական կոշտությունը— Ես հո՞ւ եմ... հըրցնումըս դու, ես էդ անաբուռ տղի խեղճ հարնըմ (ցույց տվեց նա Ջումշուդ-բեկի վրա), էդ իմ բեդասըլ տըղաս ա'...

— Ես չեմ ճանաչում քեզ,— պատասխանեց Ջումշուդ-բեկը։

— Չըս ճանչընը՜մ... յաշը՞մըս էդ մըհակը... — ձայն տվեց ծերունին բարձրացնելով ահագին մահակն, որ բռնած ուներ ձեռին։

Շուշանն այսքանը հասկացավ, որ ծերունին հայտնեց, թե նա փեսայի հայրն էր․— Ի՞նչ հեր, ճչաց նա մեջ մտնելով,— սա՛ հեր չունի, սրա հերը մեռել է։

Գյուղացու վայրենի դեմքը ցնցվեցավ մի թթու ծիծաղելով և նա պատասխանեց հեգնորեն, ուղիղ Շուշանի երեսին նայելով.

— Հա՛, դրա հարը մռալ ա... ամմա էլլըհա մրռըլ տեղա իրակացալ...։

— Դուն սրա հերը չի՛ս, սա Մելիք Թորոսի վուրթի Ջումշուդ-բեկն է, սրա հերը մինծ մարթ էր, քի պես արջ չէր»— պատասխանեց Շուշանն ավելի կրքով։

Իսկ գյուղացին խիստ արհամարհական սառնությամբ ասաց նրան.

— Մելիք Թորոսին տղան ա՜, հա՞ ... Ջիմշուդ-բեկն ա՛ հա՞...։— Դրուստ ա՛, մելիք Թորոսին տղան շատ մեծ մարթ ա, ամմա էդ յալանչին (ցույց է տալիս փեսայի վրա) նրան տղան չէ, դա ինձ նման շնեցի առչին ճոտը — Գյուքի՛ն ա, Գյուքի՛ն...

— Գյուքին ո՞վ է, ի՞նչ իս խոսում, դա հիմի իմ փեսեն է։

Վերջին խոսքը զգալի կերպով սարսափ ձգեց ծերունու վրա և նա դարձավ դեպի Շուշանը, հարցնելով.

— Քու փեսադ ա, հա՞։ — Հա՛, իմ փեսեն է, էս գիշեր պիտի պսակենք, տեհնում ե՞ս վուր հարսանիք է,— պատասխանեց Շուշանը ցույց տալով հանդիսականները։