Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգստություն գտան: Արժանահիշատակ Ֆաթհ-Ալի և Մուհամմեդ շահերի տիրապետության ժամանակներում, եվրոպական լուսավորության ճառագայթները թեև դժվարությամբ, բայց կամաց-կամաց ցոլանալ սկսան Պարսկաստանի սևաթույր վարագույրի նեղ ծակերից և քաղաքակրթության թույլ և գունաթափ լույսը մի փոքր հալածեց նախնի բռնակալության սև խավարը:

Բայց հայերի համար տակավին շուտ էր մտածել լուսավորության վերա: Խաների բռնակալությունքը իսպառ վերջացած չէին: Եվ հայերը մի փոքր հանգստություն միայն գտանելով, հառաջագույն սկսան բարվոքել յուրյանց նյութական դրությունը: Երկրագործությունը և խաշնարածությունը շուտով ծաղկեցան նոցա մեջ. և քաղաքաբնակք սկսան ձեռք զարկել վաճառականության և զանազան արհեստների: Եվ շուտով հայոց աշխատասիրության ոգին երևան հանեց յուր վառվռուն վաստակները:

Բայց երկար չտևեց այդ բարեբախտությունը: 1827 թվականը թողեց պարսկահայոց համար մի հավիտենական ափսոսանաց արժանի անցք, երբ պարսկահայոց մեծ մասը գաղթեցին դեպ Արաքսի մյուս կողմը, անմխիթար սուգի մեջ թողնելով յուրյանց հայրենակիցքը:

Հայոց պատմության ատյանում չեն կարող պարզ երեսներով երևել երկու հայազգի անձինք.— մինը՝ մի հոյակապ և արժանի հիշատակի եկեղեցական ոմն, որ շատ ուշ հասկացավ յուր սխալը... մյուսը՝ մի փառասեր հայ աստիճանավոր ռուսաց զորքի մեջ, որ խաբվելով շքանշաններից, հազարավոր գերդաստաններ ձգեց ռուսաց խորամանկ քաղաքականության շղթաների մեջ և թողեց նորանց մաշվել՝ քսվելով մի հզոր տերության երկանաքարի տակ...:

Գաղթականությունից հետո Պարսկաստանում մնացած հայերի վիճակն ավելի վատթար եղավ: Նոքա թվով քիչնալով՝ եղան անզոր և տկար, ուր մնաց, տերությունը, վշտացած լինելով հաղթող ռուսերից, և մանավանդ կարծելով, թե պատերազմը քրիստոնյաների համար էր, սկսան խստությամբ վարվել հայերի հետ:

Այժմյան Ատրպատականի հայերը յուրյանց կյանքով պարտական են հավիտենական օրհնյալ հիշատակի արժանավոր Աուհամմեդ Սադղ-խան Դումբուլիին, որ ազատեց նորանց մի մեծ կոտորածից՝ պարսկական թրի բերանից: Վասն զի Աբբաս Միրզան յուր անհաջող կռվից հետո, ջարդված, սրտաբեկ, երբ հասավ Խոյ քաղաքը, կամեցավ յուր վրեժխնդրության թույնը թափել խեղճ քրիստոնեից վերա, որպես ռուսաց կրոնակիցների, այդ պատճառավ, հրամայեց կոտորել բոլոր հայերը: Բայց այդ բարեհոգի Մուհամմեդ Սադղ-խանն էր այն մարդասեր տղամարդը, որ Նայիբուլ Սալթանայի ոտքն ընկնելով, գետին համբուրեց, և