Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմահատոր «Փունջերը», «Խաչագողի հիշատակարանը», «Կայծերը», «Սալբին» և «Խլվլիկը»։ Վերջին երկուսը մնում են մինչև օրս անտիպ»։

Այստեղից ակներև է դառնում, որ այդ «երկուսը» երբեմն համարվել են առանձին վեպեր, թեև ճիշտն այն է, որ «Սալբին» հանդիսանում է «Խլվլիկի» ընդարձակ թերևս նաև, հասարակական նոր խնդիրներով լրացված շարադրությունը։ Այս տեսակետը հիմնավորելու համար՝ հենվել ենք նաև «Արձագանքում» տպագրված մի տեղեկության վրա, ուր բառացիորեն ասված է, որ Րաֆֆին «...նույն վեպի («Խլվլիկի»— Խ. Ս.) բովանդակությունը, գրեթե ամբողջ գործողությունը և նույնիսկ գործող անձանց դուրս է բերել «Սալբի» անունով իր մի մեծահատոր ձեռագիր վեպի մեջ» (տե՜ս «Արձագանք» 1889 թ.,N 28, էջ 426):

Այսպիսով, հիմքում ունենալով «Խլվլիկ» վեպը և տարվելով նոր գաղափարներով Րաֆֆին ձեռնարկում է եղածը ամփոփել «Սալբու» մեջ «զանազան հերոսների և տիպերի կենդանի պատկերներով»։

Անհավանական չէ, որ վեպի հատկապես այն գլուխները, ուր խոսվում է սոցիալական խնդիրների շուրջը և շոշափված են քաղաքական հարցեր, ավելացված են հետագայում։

Տվյալներ կան, որ Րաֆֆին վերամշակել է ոչ միայն «Սալբին», այլ նաև «Խլվլիկ» տարբերակը և այն էլ մի քանի անգամ։ Խաչատուր Տեր֊Զաքարյանին գրած Աննա Րաֆֆիի նամակից պարզվում է, որ Րաֆֆու «Վերոհիշյալ վիպասանությունը («Խլվլիկը») սրբագրված է մի թավրիզեցի հայ ուսուցչի ձեռքով 1867 թվականին հանգուցյալի վաճառականության ժամանակ» (տե՜ս Հայկ.ՍԱՌ Գիտ. Ակ․ Գրակ․ և արվեստի թանգարան, Րաֆֆու արխիվ, № 40)։ Նույն այդ ինքնագիր ձեռագրի մասին «Նոր Դարի» 1889 թվականի 113-րդ համարում տպագրված է թավրիզաբնակ Ս․ Սաֆրազի նամակը, ուր մի քանի տողով նկարագրված է ձեռագիրը։ Այնուհետև թղթակիցը ավելացնում է, որ գրքի առաջին երեսում հանգուցյալի ձեոքով գրված է՝ «Խլվլիկ» ազգային վիպասանություն պարսկահայոց կյանքից առնված։ Աշխատություն Հակոբ Մ.Մելիք-Հակոբյանց։ Հատոր առաջին ի 1867 ամի 1 հունվար Սալմաստ նահանգում Փայաջուկ գյուղ»։ Բացի այն, որ 1867 թվականին Րաֆֆին վեպը կոչել է «Խլվլիկ» անունով, Արծրունու մի հոդվածից հայտնի է դառնում, որ նույնիսկ 1872 թվականին «Մշակում» տպագրելու համար Րաֆֆին վեպը ներկայացրել է ոչ թե «Սալբի», այլ «Խլվլիկ» խորագրով։ «Մշակի» 1873 թվականի մայիսի 10-ի հայտարարությունից իմանում ենք, որ «Խլվլիկը» նույնպես բաղկացած է երեք հատորից։ Այս ամենից ծնունդ է առնում այն, որ թեև 1865 թվականին «Սալբի» տարբերակը արդեն պատրաստ էր տպագրության, բայց և այնպես հեղինակը 1872 թվականին իր վեպը կոչել է նաև «Խլվլիկ» անունով և երկրորդ, որ նա աշխատել է վեպի մեկ տարբերակի վրա երկու անվան տակ, որից և սկիզբ է առել «երկու աոանձին վեպերի» գոյության թյուրիմացությունը։ «Սալբու» և «Խլվլիկի» առանձին վեպեր լինելու մասին ուրիշ հավաստի փաստեր չկան, վեպի երկու տարբերակների առկայությունը ամենից առաջ պայմանավորված է այն բանով, որ գոյություն ունեցող փաստաթղթերում հիշատակվում են և՜ «Սալբի», և՜ թե «Խլվլիկ» անունները։ Քանի որ նման անվանումը չի բխել այդ ձեռագրերի միջև տարբերություն ստեղծելու անհրաժեշտությունից, և փաստաթղթերում այդ անունները հեղինակի և այլոց կողմից օգտագործված են ոչ հետևողականորեն, ապա «Սալբին» և «Խլվլիկը» միևնույն վեպի կամ տարբերակներն են և կամ միևնույն վեպի տարբեր անունները։ Այս բանը հաստատող փաստերից մեկն էլ այն է, որ Աննա