Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆու մահվանից հետո այս վեպից մի հատված՝ «Ծառայող դևիկը» վերնագրով, առաջին անգամ հրատարակվել է 1891 թվականին, «Վեպիկներ և պատկերներ» գրքի առաջին հատորում։ Վերջում գրված է. ««Խլվլիկ» ձեռագրից, գլուխ Ա»։ Համեմատությունը ցույց տվեց, որ «Խլվլիկի» սույն հատվածը «Սալբի» վեպի առաջին գլուխն է երկու նախադասության չնչին տարբերությամբ։ Բացի դրանից, հրատարակիչը «Սալբու» առաջին գլխի՝ «Ծառայող դևիկը» վերնագրի սկզբում ավելացրել է Խլվլիկ բառը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հեղինակի կողմից «Լապտեր Հայաստանի»-ում տպագրելու համար պատրաստած տեքստի առաջին հատորը կրել «Խլվլիկ» անունը։

Մի երկրորդ հատված «Ռուստամի օրագրություններից և Սալբիի նամակները» ընդհանուր վերնագրով տպագրվել է 1893 թվականին «Վեպիկներ և պատկերներ» գրքի երկրորդ հատորում։ Հատվածի վերջում, տողատակին գրված է «Սալբի» ձեռագրից գլուխ ԻԶ, Իէ, ԻԸ և ԻԹ»։ Վերջին ԻԹ գլուխը տպագրված է ոչ թե ամբողջովին, այլ միայն սկզբի մասը։ Բացի դրանից, տպագրված է նաև մի հատված ԼԱ գլխի վերջին մասից, որի մասին տողատակում չի հիշատակված։

Երրորդ հատվածը «Սալբի անտիպ գրվածքից մի գլուխ» վերնագրով տպագրվել է «Հնչակ» ամսաթերթի 1897 թվականի 9-րդ համարում (էջ 71 )։ Ստուգումը ցույց տվեց, որ «Հնչակում» տպված հատվածը «Սալբու» առաջին հատորից չէ։ Մնում է ենթադրել, որ այն տպագրված է «Սալբու» երկրորդ կամ երրորդ հատորից։ Այդ հատվածը նույնությամբ տեղադրում ենք այստեղ։

«ՍԱԼԲԻ»

Անտիպ գրվածքից մի գլուխ

...Վարագույրը բարձրանում է, թատրոնական բեմը ձևացնում է մի սքանչելի տեսարան, որ պատկերացնում է ծերունի Հայաստանը յուր տխուր և տրտում կերպարանքով։ Հեռուն, հսկայի նման կանգնած է Արարատ սարը նրա չորեքկողմում տեսանելի են քանդված քաղաքների և գեղորայից ավերակներ, որոնց վրա տիրում է հավիտենական խավարի թագավորությունը։ «Շինության ոգին» միայնակ թռչում է այդ մահահրավեր տարածության վրա։ Երկար թռչելուց հետո նա նստում է ավեր Հայաստանի փլատակների վրա. նա սկսում է մտածել... նա մտածում է նրա մյուս անգամ շինության մասին։

Հատակագիծը ծրագրվում է, նյութը պատրաստվում է. ոգին կամենում է ձգել հիմքը։ Երևան են լինում չորս մանկահասակ հերոսներ, նրանցից ամեն մինը բերում է մի ահագին քար, դնում է լինելիք շինության հատակագծի մոտ, ասելով. «Ահա՜ շինության անկյունաքարերը, դրա վրա պիտի դրվի հիմքը»։

Այդ քարերն ունեն զանազան գույն և զանազան ձևեր։ Նոցանցից մինի վրա դրված էր այս խոսքերը ․— «Ավետարան, կամ Կրոնական կյանք»։ Մյուսի վրա. «Դպրոցներ, կամ իմացական կյանք»։ Երրորդի վրա .— «Հող, կամ նյութական կյանք»։ Չորրորդի վրա .— Թագ և Գավազան, կամ Քաղաքական կյանք»։