Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդյունք է), ուստի պետք է հենվել մյուս տարեթվի վրա և հետևցնել, որ վիպակը գրվել է 1869 թվականին։ Րաֆֆին 1873 թ. «Փունջի» տասը հատորյակների հրատարակության ծրագրում գրում է, որ բոլոր հատորների «պարունակությանը» արդեն պատրաստ է (այդ թվում նաև «Հարեմի» առաջին, երկրորդ մասերը և վերջը)։ Հեղինակի հայտնած տեղեկության ճշտությունը նույն նախագծում մատնանշված մյուս ստեղծագործությունների գոյության փաստով արդեն հաստատված է։ Բացի դրանից, 1874 թվականին «Մշակում» Րաֆֆին հայտարարություն է տպում այն մասին, որ ցանկանում է հրատարակել «Փունջի» երրորդ հատորը (որի մեջ պետք է լիներ նաև «Հարեմի» երկրորդ մասը և վերջը)։ Դժվար է ասել, որ Րաֆֆին կարող էր դեռևս չգրված գործի մասին այդպիսի հայտարարություն անել։ Ուստի և մենք հիմք չունենք չասելու, որ վեպի երկրորդ մասը գրվել է 1874 թվականից ավելի վաղ, մոտավորապես առաջին մասը գրվելուց անմիջապես հետո:

«Հարեմը» Րաֆֆու տպագրված առաջին ամենածավալուն ստեղծագործությունն է, որը կարճ ժամանակում մեծ տարածում է ստանում: Լույս տեսնելուց մի քանի տարի անց, այս ստեղծագործությունը իսկույն թարգմանվում է ռուսերեն և մի շարք այլ լեզուներով։ «Մշակի» 1879 թվականի 121-րդ համարում կարդում ենք, որ Րաֆֆու սույն վիպակը «В персидском гареме» վերնագրով, տպագրվել է Մոսկվայի «Русские ведомости» թերթի 151—162-րդ համարներում (1879 թ.) Ս. Դադյանցի թարգմանությամբ: Այս վիպակի հրապարակ գալը համբավի ու փառքի հետ միասին ծանր փորձությունների առաջ է կանգնեցնում հեղինակին: Տպագրվելուց երկու տարի հետո, 1876 թվականին Րաֆֆու հակառակորդները նրան ամբաստանելու համար, «Հարեմը» թարգմանում են պարսկերեն և ներկայացնում պարսից թագաժառանգին: Այս մատնության հետեվանքով՝ գրգռվում է մահմեդական հոգևորականության մոլեռանդությունը, և սպառնալիք է ստեղծվում Րաֆֆու կյանքի հանդեպ։

1887 թվականին Լայպցիգում գերմաներեն հրատարակվում է «Հայկական մատենադարան» («Armenische Biblothek») մատենաշարի Գ հատորը։ Այս գրքում Րաֆֆու այլ ստեղծագործություների հետ տպագրվում է նաև «Հարեմ» վիպակը Լեո Ռուբենլու (Արդար Հովհաննիսյանի) թարգմանությամբ։ «Հարեմը» հեղինակի մահվանից հետո երկրորդ ոչ-լրիվ մասի հետ միասին, տպագրվում է 1891 թվականին «Վեպիկներ և պատկերներ» գրքի առաջին հատորում։ «Հարեմը» երրորդ անգամ տպագրվել է «Պարսկական պատկերներ» ժողովածուի մեջ: Այնուհետև «В персидском гареме» վերնագրով 1892 թվականին այս վիպակը Ե. նեկրասովայի թարգմանությամբ տպագրվում է «В волжский вестник»-ի 143, 145, 149, 150 և 151-րդ համարներում։ Ապա մեկ տարի անց, 1893 թվականին, նույնի թարգմանությամբ (միայն առաջին մասը) «Гарем» վերնագրով տպագրվում է Յուրի Վեսելովսկու և Մ. Բերբերյանի խմբագրած (Армянские беллетристы» ժողովածուի առաջին հատորում։ 1913 թվականին Նյու-Յորքում հրատարակվող «Armenia» ամսագրի 11-րդ համարում Զ. Բոյաջյանի թարգմանությամբ անգլերեն տպագրվում է «Հարեմ» վիպակից մի չափածո հատված (երկու քառատող) «The Parrots song» (Թութակի երգը) վերնագրով։ Նույն թվականին, նույնպես անգլերեն Զաբել Բոյաջյանի թարգմանությամբ «Ararat» ամսագրում տպագրվում է Միրզա-Շաֆու երգը «Ballad» վերնագրով (14 քառատող):

Մեր օրերում «Հարեմը» առաջին անգամ տպագրվել է Րաֆֆու երկերի 1949