Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք նկարեցինք նրանց աննախանձելի կյանքի պատկերը, երբ գրեցինք «Գեղեցիկ Վարթիկը», «Սովը», «Կուսագրությունը», «Անբախտ Հռիփսիմեն», «Մի օրավար հողը» և այլն։

1874 թվականին Րաֆֆին տպագրում է «Փունջի» երկրորդ հատորը, ուր հրապարակ են գալիս մի քանի նոր վիպակներ ու պատմվածքներ՝ «Ուխտյալ միանձնուհին», «Տնային փեսան» և այլն, որոնց թեման այս անգամ ոչ թե Պարսկաստանն էր, այլ Թիֆլիսի հայերի կյանքը: Այս պատմվածքների շնորհիվ Րաֆֆին իր շուրջն է համախմբում ընթերցողների մի ստվար բազմություն, ինչպես նաև վաստակում է թշնամիներ, որոնք ամեն կերպ ձգտում են վարկաբեկել նրան ժողովրդի աչքում: Ահա թե ինչ է գրում այդ առթիվ «Մասիս» շաբաթաթերթի թղթակից Պ. Տ.-ն «...Այս կյանքի պատկերներու (պատմվածքների) պատճառով մոտեցավ շատ ոխերիմ թշնամիներ ազնվական դասեն և մի հայ ազնվական «Ուխտյալ միանձնուհի» նորավեպի համար Րաֆֆիի երդվյալ թշնամին դարձավ, այնպես որ ոճրագործության գաղափարն իսկ հղացավ» (տե՛ս «Մասիս», 1886 թ., էջ 678):

Րաֆֆու այս պատմվածքների մասին մեծ հիացմունքով է խոսում նաև «Մեղու Հայաստանի» թերթի թղթակից Հայկունին, որը հետագայում դարձավ Րաֆֆու և նրա ստեղծագործությունների երդվյալ թշնամին (տե՛ս «Մեղու Հայաստանի», 1881 թ., № 183):

Այս պատմվածքները, որոնց քանակը կրկնապատկվում է հեղինակի հետագա ստեղծագործական կյանքի ընթացքում, իրենց թեմատիկ միասնությամբ հանդիսանում են մի գեղեցիկ փունջ Րաֆֆու գրական ժառանգության մեջ: Այդ բանը առիթ է հանդիսացել Րաֆֆու երկերի թարգմանիչների ու հրատարակիչների համար նրա այս ստեղծագործությունները ամփոփելու «Պարսկական պատկերներ» և «Պատկերներ» ընդհանուր խորագիրն ունեցող ժողովածուների մեջ: Այս վերնագրով նրա վեպիկներն ու պատկերները և ակնարկները հրատարակվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և լեհերեն։

ԳԵՂԵՑԻԿ ՎԱՐԹԻԿԸ— Առաջին անգամ տպագրվել է «Մշակում» 1872 թվականի հունիսի 1-ին և 8-ին, 21-րդ և 22-րդ համարներում: Հեղինակի մահվանից հետո տպագրվել է Թիֆլիսում 1891 թվականին «Վեպիկներ և պատկերներ» գրքի առաջին հատորում։ 1902 թ. այս և «Բիբի Շարաբանի» պատմվածքները Աբգար Հովհաննիսյանի ֆրանսերեն թարգմանությամբ տպագրվում են Փարիզում «Contes persns» (պարսկական պատկերներ) ընդհանուր վերնագրով։ Այնուհետև «Գեղեցիկ Վարթիկը» տպագրվել է «Պարսկական պատկերներ» (1913 թվականին Վիեննա) ժողովածուի մեջ։ Մեր օրերում առաջին անգամ տպագրվել է 1941 թվականին Հայպետհրատի մանկա-պատանեկան գրականության բաժնի կողմից հրատարակած «Չորս պատմվածք» գրքույկում, որից հետո՝ Րաֆֆու Երկերի 1949 թվականի հրատարակության առաջին հատորում։ Ավելի ուշ՝ 1955 թվականին այս պատմվածքը հրապարակվել է հեղինակի երկերի տասհատորյակի առաջին հատորում:

ԿՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ— Առաջին անգամ տպագրվել է «Մշակում», 1872 թվականի հոկտեմբերի 26-ին, 42-րդ համարում: Այնուհետև՝ 1893 թվականին «Վեպիկներ և պատկերներ» գրքի երկրորդ հատորում։ 1912 թվականին այս պատմվածքը «Кзязан» վերնագրով Հ. Սարգսյանի թարգմանությամր տպագրվում է