Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրուստի հնարներ, փոխարենը շնորհել է նրանց ավելի իրավունքներ, ավելի արտոնությունք, քան հասարակ ժողովուրդը: Ի՞նչ իրավունքներ, ի՞նչ արտոնությունք. այսինքն, նոքա խլեին հասարակ ժողովրդի ապրանքը, կողոպտեին նոցա այգիների պտուղները, նոցա հունձքի արտերը և յուրյանց գլուխը պահեին, բոլոր այդպիսի հանգամանքներում կառավարությունը միշտ փափկությամբ է վարվում նոցա հետ: Եվ երբ բողոքում էին նոցա դեմ, դատավորքը սովորաբար պատասխանում են. «էհ, վնաս չունե, սարվազ է...»: Այդ պատճառով Պարսկաստանում, որ տեղից զորք է անց կենում, միշտ թողում է յուր հետքից ավերում և ամայություն:

Պարսկաստանի մեջ ավելի վատթար է քրիստոնյա ազգերի դրությունը: Նոքա, ըստ մեծի մասին բնակվելով գյուղորայքում, մշակում են կալվածատիրոջ հողը, խիստ փոքր վաստակ միայն շահելով յուրյանց տերերի ամբարները լցուցանելեն հետո: Բայց և այդ փոքրիկ վաստակը, նոցա արյունախառն քրտինքների վարձը՝ խիստ սակավ ձեռնտու է լինում նոցա ապրուստի համար։ Վասնզի շեիտյան մահմեդականների շառիաթը՝ միանգամայն պիղծ համարելով քրիստոնյայքը, արգելում է նոցա հետ ամենայն տեսակ հաղորդակցություն: Այդ պատճառով քրիստոնյայք չէին կարող վաճառել մահմեդականներին յուրյանց երկրագործության հում բերքերը և յուրյանց մշակությունների բոլոր թաց պտուղները: Եվ եթե պատահում էր մի այդպիսի բան, այն ևս գաղտնի և ամենայն զգուշությամբ, Երբ մի մահմեդական, մեղանչելով ընդդեմ յուր շառիաթին, և խաբվելով չափազանց աժանությունից, խիստ թեթև գնով՝ գնում էր քրիստոնյա վաճառողից նրա մշակությանց պտուղները:

Քաղաքաբնակ հայերի դրությունը ավելի լավ է, քան գյուղաբնակներին: Նոքա թեև չեն կարող վաճառել մահմեդականներին ուտելիքներ և ըմպելիքներ, բայց մանուֆակտուրայի և այլ տեսակ վաճառականությունք արգելված չեն նոցա համար: Բայց մենք չեմք կարող գովաբանել այն տեսակ առևտուրը մեր հայերի պարսից իշխանների հետ, որոնք ծանր տոկոսներով փող շահով տալով, բեռնավորում են նորանց պարտքերով, և այնուհետև սկսում են աղոթել նոցա բախտի հաջողության համար, որ նոքա տերությունից գործ-բան գտանեին, և նոցա պարտքը վճարեին: Այդպիսի վաճառականներից շատերը սնանկացած են, յուրյանց դավթարները թողնելով լիքը հարյուր հազարների ստանալյաց զրոներով:

Քաղաքաբնակ հայերից նոցա վիճակն էր միայն մի փոքր լավ, որք ունեին շատ ու քիչ կարողություն և պարապում էին վաճառականությամբ։ Բայց այն կարգի մարզիկը, որոց նյութական կարողությունը չէր ներում որևիցե վաճառականություն անելու, նոքա մնում էին զուրկ և