Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խեղճ: Որովհետև, իսլամի մոլեռանդությունը այստեղ նույնպես զրկում է քրիստոնյաներին շատ գործերից, նորանց արգելած է ունենալ խանութներ մսավաճառի, մանրավաճառի (աթթարի), ալլաֆի, հացթուխի, մրգավաճառի և այլն: Այլև նոքա չէին կարող ունենալ և ղահվետունք, խոհանոցներ, հասարակաց բաղանիքներ: Մնում էր նրանց բանացնել մի քանի արհեստներ, որպիսիք են՝ հյուսնություն, ոսկերչություն, դարբնություն, դերձակություն: Բայց խիստ պախարակելի է հայերի այն սովորությունը, որ նոքա մեծ մասամբ քաղաքներում պարապվում էին գինեվաճառությամբ, և առավել պախարակելի է, որ մի այդպիսի վատթար վաճառականություն իսլամի երկրում գործադրվում էր կանանց ձեռքով...:

Միտք դնելով այդ հանգամանքներին, մեք չէիմք կարող մի քանի խրատներ չտալ մեր Պարսկաստանի հայրենակիցներին: Առաջին, գյուղաբնակները, որոնց կարողությունը ներում էր, թող տեղափոխվին քաղաքներում և սկսին որևիցե վաճառականություն: Այդ մասին տերությունից չկա ո՛չ մի արգելք: Պարսկաստանում հպատակները կարող են տեղափոխվել քաղաքից գյուղ, գյուղից քաղաք, ուր և նոցա համար ձեռնտու էր ապրել: Իսկ եթե նոքա կամեին գյուղերում բնակվել, աշխատեին յուրյանց վաստակների ավելորդով գնել սեփական հողեր (որոց համար արգելված չէր), և այդ հողերի վերա մշակել ո՛չ թե խաղողի և այլ ծառերի այգիներ, և կամ այնպիսի ցանքեր, որոց հում բերքերը պիղծ էին մահմեդականներին, աղ մշակել թթենիք, որո համար Պարսկաստանի կլիման, հողն ու ջուրը խիստ ձեռնտու են: Իսկ քաղաքաբնակ հայերին այս է մեր խրատը, նոքա առանց թանկագին ժամանակը կորուսանելու, թող շահին տերության նոցա բաշխած ազատությունը լուսավորության մասին: Նոքա թող լավ հասկանան, այստեղ տպագրության մամուլը դրված չէ ցենզուրի անտանելի իշխանության տակ, այդ պատճառով կարելի է հրատարակել ամենայն տեսակ ազատ հեղինակությունք։ Բացի դորանից դպրոցներու ուսմանց ընդլայնությունը սահմանափակված չէ խորամանկ քաղաքականության նեղ ու անձուկ կանոններով, այդ պատճառավ այստեղ կարելի է ունենալ ամենայն տեսակ դպրոցներ և կարելի է տալ նորանց ամենայն տեսակ ձևեր ու կերպարանքներ լուսավոր դարուս ընտիր գաղափարներին համաձայն: Իսկ վաճառականության մասին այս է մեր խրատը, պարսկահայք թող յուրյանց բոլոր ճարպիկությունը ու ճարտարությունը գործիք չշինեն եվրոպացի վաճառականների համար, հաշելով ու մաշելով նոցա Անգլիայից բերած ծանրագին ապրանքները: Թող ինքյանք աշխատին միաբանվել և կազմել հաստատուն ընկերությունք, և կապվին Եվրոպայի գլխավոր վաճառական տների հետ, այնուհետև շուտով կտեսնեին ասիական