Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռ վաղ է խնդրել սահմանադրություն: Նոցա համար պետք է մահմեդական սարփարաստների փոխանակ ունենալ քրիստոնյա սարփարաստներ Եվրոպայի մարդերից, որոց ընտրությունը չլիներ Թեհրանում Եվրոպիո գլխավոր դեսպանատանց խորհրդով և դեսպանատունքը երաշխավոր լինեին հարկավորած միջոցներում՝ պաշտպանել յուրյանց ընտրած սարփարաստները: Բացի դորանից, քրիստոնեից և հրեից կառավարության գործերը, ո՜չ մի կերպով խառնված չլինեին մահմեդականների հետ:

Մեք հույս ունիմք, որ վսեմափայլ և բարձրագույն Նասրադդին շահի օրով Պարսկաստանը կթափե յուր միջից հին անկարգությունքը. նա կփոխե յուր ասիական վայրենի կերպարանքը, և հետևելով լուսավոր դարուս լուսավոր գաղափարներին, ազատությունը լուսավորության հետ ներս կբերե յուր մեջ: Ես հույս ունիմ, որ Պարսկաստանի պատմագրության մեջ ոսկի տառերով պիտի գրվի մեծ և փառավոր անունս Նասրադին, որպես ասիական քաղաքակրթության մի նոր դարագլխի սկզբնավորիչը: Թող այդ փայլուն պարծանքը նա տանե յուր հետ մինչև դարերի վերջը: Բայց եթե նա կ՚անցուցաներ յուր ժամանակը յուր նախորդների պես, թող գիտցած լինի, որ ժամանակը կ՚կարգադրե յուր պիտույքները և Պարսկաստանը կվերանորոգվի ինքնուրույն՝ առանց նայելու որևիցե տիրապետողի կամքին: Արդեն Պարսկաստանի արշալույսը սկսել է շառագունել, և արևի ծագումը արդեն գուշակվում է... այնուհետև կհալածվին սև թուխպերը մթին խավարի հետ և ամենայն շան կ՚երթա յուր կարգին...:

Արդեն զանազան կրոնական հերձվածներ պատառել են այն թանձր վարագույրը, որ ղորանը ձգել էր իսլամի դենի վերա: Շեյխ Ահմադ Բահրենին յուր նոր վարդապետությամբ համարյա կես կիսեց շեիտյան մահմեդականքը. նորան հետևողքը կոչվում են շեյխիք, իսկ հիները՝ մութաշառռիք: Շեյխիք՝ ընդդեմ մութաշառռիների են որպես ազատ պրոտեստանտականություն ընդդեմ կաթոլիկության:

Մի քանի նոր փիլիսոփայությունք, թեև իբրև ամեն մի նոր իրողություն՝ անկարգ և անկատար, բայց մեծ շարժառիթ են լինում ներս բերելու Պարսկաստանի մեջ ազատությունը: Դահրիքը, այդ անաստված նյութականները՝ հավատալով թե մարդոց կյանքը խոտի նման սկսում է և վերջանում է այս աշխարհում, աշխատում են ազատել մարդկությունը ամենայն նեղություններից, և այնպես բարեկարգել մարդոց վիճակը, որ նորա անցանող կյանքը դյուրին լիներ և երջանիկ:

Ուրֆայքը, հերքելով ամենայն տեսակ հեղինակությունք, խելացի տրամաբանությամբ ներս են բերել առողջ մտածությունը, որ աշխատում էր տնօրինել մարդկության բարին: