Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաբիքը բոլորովին ջարդուփշուր են անում ղորանի վարդապետությունքը, ինքյանք հավատալով դեռևս շատերին անհայտ մի ճշմարտության, նոքա և ընդդեմ են որևիցե միապետական իշխանության: Զանգյանի արյունահեղ կոտորածը, և ամենայն տարի այնքան զոհերի սոսկալի մահերը, ոչ միայն կարողացան սրբել Պարսկաստանը բարիներից, այլ առավել զորացուցին նոցա աճելությունը: Միրզա Մելքում խան Սարթեփը՝ այն գիտնական հայ տղամարդը՝ Փարիզից Պարսկաստան բերեց ֆրամասոնականության սերմերը: Թեհրանում նա ստացավ շահից առանձին տուն, ուր սկսեց յուր դասախոսությունքը և փոքր միջոցում գտավ յուրյան բազմաթիվ հետևողներ: Մոլլաները սարսափելով նկատեցին այդ կորստաբեր ուսմունքը, որ մի ահագին վիշապի նման, բերանը բաց արած, կամեր կլաներ, ուտել և մաշել իսլամականությունը: Շահը ստիպված մոլլաների խնդիրներից, ակամա կերպով արտասահման ուղարկեց Սարթեփին, չկտրելով նորա ռոճիկը: Ֆրամասոնականության աշակերտները կոչվում են ահլի-ֆարամուշխանայք: Քրիստոնեությունը, Միզանուլ—Հագգի, Թարիվուլ— Հայաթի և Ընկլիսների ձեռքով այլ պարսկերեն տպված գրքերի շնորհիվ, թեև խիստ ծածուկ կերպով, ձգել էր յուր լույսը շատ սրտերի մեջ: Եվ Քրիստոսի վարդապետության խաղաղասեր բարոյականությունը, գտանելով յուր զգալի համակրությունը մարդկության բարեկամ դարվիշների մեջ՝ արել է նորանց անկեղծ թարգման աստուծո ճշմարիտ բանին:

Այժմ, Եվրոպիուց դարձել են այն լուսավորյալ երիտասարդքը, ուր շահը ուղարկել էր նորանց ուսում առնելու, արհեստ և գիտությունք ձեռք բերելու: Պարսից հետաքրքիր և նորասեր բնավորությունը առիթ է տվել նոցա ընդունակությանը՝ Եվրոպիուց բերել Ասիա այն ազատ գաղափարները, որ բաժան-բաժան են արած լուսավոր աշխարհի բոլոր հասարակությունքը: Եվ Վոլթերի, Բուխների, Ֆեյերբախի, Ռուսսոյի. Լուի-Բլանի, Պրուդոնի, Կաբեի և լուսավոր դարուս այլ մեծամեծ մտածողների փիլիսոփայությունքը լսելի են լինում պարսկական բարբառում: Ահա այսպիսի կայծեր են ընկած իսլամի կազմվածքի մեջ, կայծեր, որք մի ազատ քամու էին կարոտ, որ հանկարծ բռնկին և հրդեհեն բոլոր իսլամականությունը, և այրելով, մաշելով զտեն, մաքրեն ու սրբեն նորան ամենայն պղտորությունից...:

Մեր վիպասանության երկրորդ հատորում ավելի երկար նկարագրությունք լինելով Պարսկաստանի կյանքից, առայժմ այդքանով միայն բավականացնում եմք մեր ընթերցողը, ավելի ձանձրություն չտալով նորա բարի ուշադրությանը: Դառնամք դեպ մեր խոսքը:

Մեք չկամենալով մեր հայրենակիցք Պարսկաստանում մնային ուրյանց գերեզմանական անհայտության մեջ, և աշխատելով մեր