Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգայինների չարչարանքները, նորա ականջները միշտ լսել են նոցա արտասուքը և լացը:

«Սալբի»-ի տպագրությամբ ի լույս հանելու մեր նպատակը՝ հեղինակի փառք վայելելը չէր. մեք վաղուց հասկանալով թե խիստ հեռու էիմք այդ սրբազան կոչումից, արդեն թողնելով մեր սիրելի պառնասը և մուզաների դաշտը, դիմել էիմք դեպի վաճառականություն: Եվ մտածելով թե քանի նեղ շրջանակի մեջ փակված է գրատպության ազատությունը մեր ազգի համար, և նախագուշակելով, թե քանի հալածանքներ հարուցանելու էր այդ գիրքը յուր հորինողին դեմ, ամենևին միտք չունեիմք մեր գրվածքը մամուլին հանձնելով, մեզ համար մի առանձին գործ շինել անվերջ և տաղտկալի վիճաբանությունքը այլևայլ նեղսիրտ կրիտիկոսների հետ: Բայց չկարողանալով չընդունել մի քանի բարեկամներիս խնդիրքը՝ հակամայից հոժարվեցա ի լույս հանել վեպի առաջին հատորը, սպասելով, եթե լավ ընդունելություն կգտաներ դա մեր ազգի բարեմիտներեն, այնուհետև կարելի էր ի լույս ընծայել նրա երկրորդ ու երրորդ հատորները, որք արդեն պատրաստ են:

Թեպետ «Սալբի»-ի հեղինակը մինչև այժմ չէ կամեցել երևալ գրական ասպարեզի մեջ, բայց մտածելով, որ հայ ազգը ապագա ունի, և մի ապագա լի փայլուն հույսերով, այդ պատճառավ ավելորդ չհամարեց նա յուր արդեն տասն տարի առաջ պատրաստած յուր հայրենակիցների կյանքի նկարագրությունքը, մամուլին հանձնելով, թողնել գալոց սերնդին:

Կրկնում եմք, հայ ազգը մի բախտավոր ապագա ունի:

Արդարև, նորա անցյալն անցավ արտասուքով, լացով և արյունով, նորա ներկան դարձյալ ցավալի է, բայց նորա ապագայի մասին բոլորովին անհույս չեմք:

Ժամանակների մեծամեծ կոտորածներն կերան, մաշեցին ամբողջ ազգեր: Եվ կրոնքներն շատ անգամ պատճառ դարձան, որ մի ազգ կուլ գնաց մյուսի մեջ:

Հայաստանի աշխարհագրական դրությունը պատճառ եղավ այնքան շատ հայերի կորստյան, որովհետև այդ երկրի վրայով անցան դեպ արևմուտք դիմող Ասիայի բոլոր արյուն թափողներն և այդ երկրիե հասուցին յուրյանց կատաղի բարբարոսության առաջին զարկը:

Բայց հայ ազգը յուր դառն կյանքի ընթացքում կատարեց այն թեև արյունոտ, բայց փառավոր հաղթությունը, այսինքն, դիմանալով բարբարոսների այնքան կորստաբեր հարվածքներին, նա ազատեց թշնամու սրից մոտ չորս ու կես միլիոն հայեր, և հասցրուց մինչև տասնևիններորդ դարուս վերջին կիսաբաժինը.- մինչև ժամանակի այդ ոսկեղեն միջնասահմանը, որ այսուհետև ազգերին մահ չկա, որ այսուհետև ազգերի