Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայերի զանազան երկրներում ցրված լինելու մասին առայժմ խոսք չունիմ (այդ կթողնեմք ժամանակի կամքին): Բայց մեծ հիմարություն է, երբ կրոնական կամ դավանաբանական զանազանության պատճառավ, մի ազգի մեջ մի եղբայր բաժանվում է մյուսից, որովհետև, կրոնքը կամ կրոնական գաղափարը, գոլով վերացական և գերբնական մտածողության առարկա, նորա ըմբռնումը ամեն մարդ կարող է երևակայել, յուր զգացողության և յուր հասկացողության համաձայն: Այս է պատճառն, որ ասում եմք, կրոնի մեջ մարդ ազատ է:

Բայց ազգայնության գաղափարը մեր կյանքի գաղափարն է, նա տնօրինում է և բարվոքում է մեր բարոյական և նյութական դրությունը, նա արտադրում է մեզ մեր մարդկայնության իրավունքները: Ինչ մարդ որ չէ ճանաչում և չէ սիրում յուր ազգայնությունը, նա վերջանում է մարդ լինելուց:

Մեր կրոնական խնդրի մասին մի փոքր պարզաբար խոստովանությունը դարձյալ պիտի գրգիռ տա չար ախտերի, բայց մեք հնամոլ մոլեռանդների հետ գործ չունիմք, մեր խոսքը մեր ազգի բարեմիտների հետ է:

Կրոնափոխություն քարոզելը խիստ հեռու է վեպի հեղինակից, նա շատ լավ գիտե, որ հայերը կրոնական ազգ են, այսինքն նոքա չունելով որևիցե քաղաքական պատսպարան, և յուրյանց կյանքի խորհուրդն միշտ համարելով յուրյանց կրոնքի պահպանության միմիայն նպատակը, մի այդպիսի մտքով կարողացել են պահպանել յուրյանց ազգի ամբողջությունը և ազատել նորան կլանող ժամանակի բերանից:

Այլև մեր ընթերցողը պիտի հասկանա, որ վիպասանություն կոչված բանը՝ որևիցե վարդապետություն չէ, այլ մի տեսարան, ուր հանդես են բերված զանազան անձինք՝ զանազան դեմքերով և զանազան մտքերով: Նոցա գաղափարներին կամակից չէ՛ հեղինակը և ո՛չ նոցա գործքերին ընկեր:

Վիպասանության մեջ հեղինակի պաշտոնը՝ նկարչի պաշտոն է, ուր պատկերացնում է նա մի ազգի մի քանի անդամները՝ յուրյանց բարոյական, իմացական և նյութական կերպարանքներով: Նոցա նպատակների, նոցա դիտավորությանց մասին հեղինակը պատասխանատու չէ:

Վիպասանության լեզուն և զանազան դեմքերի զրույցները ժողովրդի կենդանի խոսքն է. հեղինակի գրիչը լոկ թարգման է կենդանի բարբառին: Այդ պատճառավ, ազգերի կյանքից առնված վիպասանությունքը— եթե ուղիղ հարմարած էին նոքա ժողովրդի կենցաղավարությանը— ամենևին մտածին և երևակայական բանաստեղծությունք չեն: