Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

ԽԼՎԼԻԿ, ԾԱՌԱՑՈՂ ԴԵՎԻԿԸ

Մի հին ավանդություն հաղորդում է հետևյալ առասպելը.

Ատրպատականի հայաբնակ դյուզերից մինի մեջ, Զարեհավան նահանգում, վաղուց արդեն բնակվում էր ծերունի Հովասաբը, բարի և երկյուղած հայ-քրիստոնյա մարդը, որ Ծաղկավանում հյուրասեր շինականներից մեկն էր՝ հարուստ յուր մի քանի օրավար հողերով, խաղողաբեր այգիով և արհեստական անտառով։ Նրա ոչխարների հոտը և ձիերի ու մատակների երամակը արածում էին յուր սեփական արոտամարգերում։ Նրա ծանր և մեծ գութանը, նրա արծաթափայլ արորը ձգում էին յուր զորեղ գոմեշները, գեր ու պարարտ եզները։

Աստված քաղցր աչքով էր նայում այդ առաքինի ծերունու վրա, և նրա օրհնյալ գերդաստանը վայելում էին լի ուրախությամբ երջանիկ օրեր։ Բայց մի չար բախտով, հանկարծ մի փորձանք պատահեցավ նրա մատակներին. ամբողջ երամակը, գժված, կատաղած, օրերով վազվզում էին դաշտերում, մի րոպե ևս հանգիստ չգտնելով արածելու։ Երկյուղած ծերունին, համարելով այդ փորձանքը աստծու մի առանձին պատիժը, իսկույն սրբերի բարեխոսություններին դիմեց, մատաղ կտրելով, աղքատներին հաց բաժանելով և քահանաներին առատ փող բաշխելով, խնդրեց, որ պատարագ մատուցանեն եկեղեցուն և յուր կատաղած անասունների համար աղոթեն տիրոջ սեղանի վրա։