Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վշտակրությունից հետո, արժանավորություն ստանար՝ մերձենալ նրան:

Տիկին Թարլանը, յուր այնքան երկարամյա սպասավորությամբ, հազիվ թե, երազում մի փոքր շնորհ էր գտել սուրբ գրքի առջևը, ամեն մի շաբաթ երեկոներ խունկ ծխելու, ամեն օր կանթեղը վառելու, և հարկավորված միջոցներում, նրա թաշկինակների յոթն փաթոթներն արձակելու, երբ պետք էր մի մարդու երդում տալ նրանով, կամ դնել մի հիվանդի վրա:

Տիկին Թարլանը և նրա ամուսին վարպետ Պետրոսը, ասես թե, մի հատ ձու էին միջից կիսած։ Այդ երկու հար ու նման բնավորությունները, կարծես հավիտենից նշանակված էին միմյանց համար։ Մի զարմանալի համակրություն միավորել էր երկուսի սրտերը, որ միմյանց համար այնպես ջերմ և այնպես ախտաբորբոք կերպով զարկում էին։

Տիկին Թարլանը, այդ Պյութիաս մարգարեուհին, էր որպես իմաստուհին Ծաղկավանի բոլոր կանանց մեջ։ Նա, յուր լռին, ծածկամիտ և հանդարտ բնավորությամբ, էր միշտ անքննելի և խորախորհուրդ։ Նրա երկաթի հաստատությամբ կամքը, նրա անդրդվելի համբերությունը, տվել էին նրա բնավորությանը միշտ անպղտոր և անփոփոխ հատկություններ։ Բայց նա՝ յուր չոր ու ցամաք սառնասրտության հետ՝ ուներ և մի բարի և ջերմեռանդ սիրտ դեպ աստուծո կրոնքը և նրա պաշտոնը։—Սրբությամբ պահում էր տիրոջ շաբաթները և կյուրակեները։ Սուրբ տոների օրերում միշտ նվիրում էր քավության պատարագներ, զոհելով մատաղներ, բաժանելով աղքատներին և վարձատրելով աստծո սեղանի սպասավորին, որ յուր համար բարեխոսական աղոթքներ կարդար սուրբ պատարագը մատուցանելու միջոցին։ Այդ բոլոր կրոնական ծախսերը լրացնում էր հավատավոր տիկինը յուր ձեռքի վաստակներով աստծուն առավել հաճելի լինելու համար։

Տիկին Թարլանը ուներ մեծակշիռ համարում չուր գյուղի կնիկների մեջ։ Նրանց ամենը՝ հարկավորված դիպվածքներում, դիմում էին նրա օգնությանը և ամենքը գնում էին նրանից խորհուրդ հարցնելու։ Թեպետ գրված չէր նրա ծննդյան տարեթիվը, բայց միտ դնելով նրա կերպարանքին, չէր կարելի համարել նրան ավելի քան երեսուն և հինգ տարեկան կին։ Նրա հասակը տակավին բարձր և ուղիղ էր, նրա դեմքը՝ պատկառելի և վսեմ։ Խորշոմը թեպետ խազել էր մի քանի բարակ գծեր նրա լայն ճակատի վրա, բայց անգութ ժամանակը ասես թե խնայել էր նրա, թեև ցամաքած, բայց բոլորակ թշերի վրա, այն նուրբ վարդագույն կարմրությունը,—նրա