Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանկության գարնան դեռևս անծերանալի գեղեցկության առհավատչյան։ Նրա խելացի խաժ աչքերը տակավին պահպանում էին իրանց վառվռուն փայլը։ Առհասարակ մի կախարդական գրավիչ արտասանություն, յուր վսեմ բացատրություններով, արտափայլում էր նրա խորհրդական դեմքի վրա, որ պարզ երևացնում էր պատկերը մի ջերմեռանդ և կրոնամոլ հոգու։

Թեպետ մի բախտով, մոդան յուր կործանիչ ոտքը տակավին կոխած չէր այդ երկրի վրա, բայց այսուամենայնիվ, տիկին Թարլանը ամենայն բանով որոշվում էր բոլոր կնիկներից, որ բնակվում էին Ծաղկավանում։ Նրա հագուստներն էին միշտ միօրինակ և հնամաշ, բայց մաքուր և ստեպ լվանալուց կորուսած ծաղկանկարները։ Տիկին Թարլանը, կարծես թե, կշտացել էր աշխարհից։ Նա չէր սիրում այն շռայլ կանացի պճրանքները և այն ավելորդ զարդարանքները, որոնց այնպես ջերմ սիրով անձնատուր են արևելյան կանայքը։ Նա չէր կրում յուր գագաթի վրա արծաթյա բոլորակ պսակը (գոտին), որ դնում են Ասիայի հայ կնիկները և ո՛չ նրա կրծքի վրա փայլում էր լանջաստղը՝ զարդարած գոհարներով։ Եվ ոչ նրա վզից քարշ էին ընկած մանյակներ, շարած գույնզգույն ուլունքներով և զարդարած ոսկի և արծաթի դահեկաններով։ Նա չէր կրում յուր ձեռքերի վրա ապարանջաններ, մատների վրա՝ մատանիներ, և ո՛չ ականջներից գնդեր, և ոչ քթիցը՝ օղակ։ Նրա թևքերը չունեին բազբանդներ, հուռութուլունք, այնպես սիրուն զարդարած ուլունքներով[1]։ Նա մեղք էր համարում որպես մի կուռք զարդարել յուր անձը և խրատում էր միշտ ապրել չափավորությամբ։

Հասնելով մինչ այն հասակին, տիկին Թարլանը ապրել էր միշտ սրբությամբ, նրա ձայնը չէր լսել մի այլ մարդ և ոչ նրա երեսը տեսել էր մի անհավատարիմ աչք։ Նա յուր ազնիվ բնավորությամբ՝ միշտ եղել էր մի բարի օրինակ կանացի պարկեշտության և յուր անարատ բարք ու վարքով՝ մի խելացի խրատ յուր դրացի կնիկների համար։ Նա խիստ նախանձավոր կերպով պախարակում էր այն կնիկներին, որոնք փոփոխում էին իրանց հագուստների ձևերը և չէին ամաչում տղամարդկանց հետ խոսելուց։

  1. Ով որ կամենում է ստույգ գաղափար ունենալ մեր Պարսկաստանի հայ կնիկների զարդարանքների վրա, թող ուշադրությամբ կարդա Եզեկիելի ԺԶ գլխում 11 համարը և քեզ զարդարելով զարդարեցի, ու ձեռքերիդ վրա ապարանջաններ դրի, պարանոցիդ վրայ մանյակ դրի: Եվ քո քթիդ՝ օղակ, ականջներիդ գնդեր, ու գլուխդ՝ պարծանաց պսակ դրի և դու ոսկիով ել արծաթով զարդարուեցար»։ Այդ իսրայելյան բոլոր զարդարանքները երևում են հայ կնիկների վրա։