Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանի սուրբերից ոմանք՝ որոնց անունով շինված կա մի վանք, կամ եկեղեցի.— նշանավոր են կացուցել իրանց համարումը ինչ-ինչ հատուկ հրաշագործություններով. բարեպաշտ ուխտավորները գնալով նրանց դուռը՝ բժշկություն էին գտնում, կամ ստանում էին իրանց փափագելի մուրատը[1]: Օրինակ. Կորդվաց սարերի մեջ, Վասպուրականի կողմերում, դեպի սուրբ տիրամոր վանքը ջերմ հույսերով դիմում են ամեն կողմերից ուխտավորներ, որ ցավագարված են բորոտության և մարմնի փտության ախտերով։ Այնտեղ են տարվում անդամալույծն երբ և տեսակ-տեսակ խոցեր և ապականված վերքեր ունեցողները։ Այդ վանքի սրահներում գտնվում են բազմաթիվ այդ տեսակ հիվանդներ, որ ամբողջ տարիներով մնում էին այնտեղ, կերակրվելով վանքի հացով։ Նաև ամուլ կանայք գնում էին այնտեղ որդեծնություն հայցելու։ Հայկա ձորի մեջ, Անգեղ գետի ափի մոտ հաստատված է սուրբ աստվածածնի վանքը, որտեղ գնում են աչքացավով տկարացած ուխտավորներ, և այդ վանքի մեջ գտնված ապառաժից «ինքնաբուխ» ձիթով օծելով իրենց աչքերը, հույս ունեին բժշկություն գտնել։ Փութկու սուրբ Գևորգ վանքը Մոգաց կողմերում նշանավոր է դիվահարներ բժշկելու մեջ։

Մենք միտք չունինք գրելու վանքերի հրաշագործությունների մասին, միայն չէր կարելի մի քանի խոսք չասել Մշո դաշտի մեջ գտնված Գլակա սուրբ Կարապետ վանքի մասին։ Յուր հրաշագործ զորություններով հայոց մեջ մեծ համարում ունի այդ վանքը։ Հայոց երգիչ «աշղները» ռամկաբանորեն կոչում են այդ վանքը Մուրատատու Ջանգլի սուլթան սուրբ Կարապետ։ Առաջին ածականը բարդված է թուրքերեն և հայերեն երկու բառից. «մուրատատու» նշանակում է շնորհաբաշխ կամ փափագակատար։ Բայց չգիտենք ինչ հարմարություն ուներ սուրբ Կարապետին տալ երկրորդ ածականը-«Ջանգլի սուլթան», այսինքն պատերազմող թագավոր։

Շատ տեղերում հայերի մեջ կա այն սովորությունը, որ մի տղամարդ չէ պսակվում մինչև սուրբ Կարապետ գնացած չլինի իսկ պսակվելուց հետո անզավակության դեպքում նա կրկին դիմում է սուրբ Կարապետի դուռը և երբ իր նպատակին հասնում է՝ յուր առջնեկին անուն է դնում Հովհաննու յոթն անուններից մինը։

Աշուղները համարում են նրան իրենց քանքարի մուսան —

  1. Մուրատ — բաղձանք, փափագ։