Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանցից ոչ մինը համարձակություն չուներ սազ վեր առնել և «մեյդան» (հրապարակ, հանդես) դուրս գալ՝ մինչև գնացած չլիներ այդ վանքը, և երազի մեջ ստացած չլիներ սուրբ Կարապետի ձեռքից մի գավաթ էշխի (աշխույժի) ըմպելի, և մինչև նրա սազը օրհնած չլիներ վանքի վանահայրը։ Նրա դուռը սիրով դիմում են իրենց արհեստը կատարելագործելու լարախաղացներ, ըմբիշներ, և տեսակ-տեսակ նվագածուներ, ո՛չ միայն հայ, այլև թուրք և պարսիկներ։ Կանանց արգելված է այդ վանքը գնալ, որովհետև սուրբ Հովհաննու գլխատման՝ մի տռփոտ կին էր պատճառ եղել, իսկ գնացողները չեն կարող գերեզմանի մատուռը մտնել և գերեզմանը համբուրել։

Ամեն մարդ, որ ուխտել է սուրբ Կարապետ գնալու, պետք է յոթն տարի շարունակ, Հոգեգալստից սկսած մինչև Վարդավառ, յոթն շաբաթ պաս պահե, որ արժանանա նրա դուռն գնալուն։ Նրանց ամեն մինի ուխտը ընդունելի էր, երբ Մուրատ գետի ափի մոտ քնելով այնպիսի մի երազ են տեսնում, որը որևէ առնչություն ունի իրենց ուխտյալ նպատակի հետ։ Թերևս այդիսկ պատճառով հիշյալ գետը (որ Եփրատի ճյուղերից մինն է), ստացել «Մուրատ» խորհրդական անունը, որովհետև, նրան հասած՝ ուխտավորները սուրբ Կարապետից առնում էին իրանց մուրատները:

Վարպետ Պետրոսը և նրա կին տիկին Թարլանը, հասնելով իրենց կյանքի միջասահմանին՝ դեռ զավակ չունեին, որ իրենց մահից հետո թող չտար, որ տան ճրագը մարի և տան ծուխը կտրվի։ Այդ հոգեմաշ տրտմությունը պղտորել էր նրանց պարզ և խաղաղ օրերը, նրանց կյանքի ամենապատվական ժամերը։ Առավել ևս այնպիսի մի երկրում, ուր հրեական հետևողականությամբ ամլությունը աստուծո առանձին պատիժ էր համարվում, և այդ նախատինքը տանջում էր խղճալիներին։

Վարպետ Պետրոսը հարուստ չէր, բայց յուր արհեստով ոչ միայն երջանիկ պահպանում էր յուր փոքրիկ ընտանիքը, այլև յուր համար փառավոր տուն-տեղ հաստատելուց հետո՝ տեր եղավ մի մեծ այգիի, որ կարող էր մի գյուղացիի տան ապրուստի բոլոր պիտույքները հոգալ։ Նրա կինը, տիկին Թարլանը ո՛չ կարդացել էր և ո՛չ է համարում ուներ դեպի կարդալը կամ ուսում կոչված բաները. նրա կարծիքով բոլոր «կարդացվոր» մարդիկ չարագործ և մեղավորներ են, նրանք դասվում են սատանաների կարգում։

Կամենալով շարժել աստուծո և նրա սուրբերի գութը, նրանք բաշխում էին աղքատներին իրենց ցանքի և այգիի բերքի