Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գետին գլորված ծերունի մայրածառերին՝ զարհուրելով նկատում էի մահի անհաղթելի իշխանությունը, որ տիրում է բոլոր տիեզերքի վրա։ Մի քարաժայռի բարձրությունից տեսանելի էր մի ջրվեժ, որ սարագագաթից հոսելով ձևացնում էր մի հիանալի, ապակենման կամարակապ, որ ա՜յնքան գեղեցիկ փայլում էր հեռվից յուր թափանցիկ պայծառությամբ։ Պարզ և ջինջ, մանիշակագույն երկնքի վրա փողփողում էր փայլուն գույներով ծիածանը։ Մի ալևոր եղջերու յուր մանուկ ձագերի հետ խմում էր սպիտակ փրփուրների միջից, որը, առաջանալով՝ ձևացնում էր մի պայծառ առվակ, որ և ուղիղ ներս էր հոսում անտառի խորքում։ Երբ ես զմայլված բնության այդ սքանչելի պատկերներով դիմում էի ուղիղ դեպի այդ տեսարանը՝ հանկարծ քարայրից դուրս եկավ իմ հանդեպ մի ալևոր անապատական մարդ։ Նա նմանում էր մի խստակյաց ճգնավորի, որը յուր հոգու հանգստությունը գտել էր այդ անտառի լռության մեջ։ Նրա ուղտի բրդից հորինած վերնազգեստը ծածկում էր սպիտակ քաթանից շապիկը, որ յուր քղանցքներով հասնում էր մինչև նրա բոբիկ ոտները։ Նրա մեջքը ամրացրած էր սև մաշկե գոտիով։ Մի երկաթե խաշ հաստ շղթայից քարշ էր ընկած նրա մերկ, արևից սևացած, թավամազ կուրծքի վրա։ Անապատկանը մի բարձրահասակ և բարակ ծերունի էր։ Սպիտակ մորուքը հասել էր մինչև մաշկյա գոտին։ Նրա գլխի անհյուս ծամերը արծաթաջրած ալիքներով, անփույթ, խառնափնթոր—ծածանվում էին մերկ թիկունքների վրա։ Երեսը՝ գունատ, նիհար, երկայնաձև՝ բայց պատկառելի, պարզ և զվարթ էր. ճակատը՝ լայն և բարձր, աչքերը՝ խոժոռ և կրակոտ, որոնց կենդանի արտափայլությունը պարզ տեսանելի էր թավախիտ հոնքերի տակից։ Յուր ձեռքին բռնած գլուխը կեռ գավազանը, որ նմանում էր հովիվների ցուպին, նա մխեց գետնին և կանգնեց իմ առջև։ Այդ միջոցին, ո՛վ Մահտեսի, մտաբերում եմ՝ որ մենք երկուքս միասին էինք, դուք ևս ինձ մոտ էիք։ Նա հանդարտ կերպով այսպես խոսեց.

— Ես մի ճգնավոր եմ, ինձ անվանել են «Անապատում հնչող ձայն»։ Ես կերակրվում եմ մեղրով, որ օդը առատորեն թափում է այս անտառի տերևների վրա[1], ես ուտում եմ և՛ մարախ։ Բայց որովհետև ձեր բախտը առաջնորդել է ձեզ ինձ հանդիպելու իմ լռին առանձնության մեջ, ահա հյուրասիրում եմ ձեզ մի զույգ կարմիր

  1. Տարոնում, սուրբ Կարապետի վանքի շրջակա սարերում, թփերի տերևների վրա գոյանում է մի տեսակ մեղր, որ կոչվում է «գենզեգետի» կամ «կազպ»։