Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնձորներով, որ այդ անտառի ազնիվ պտուղներիցն են, և դուք բախտավոր կլինեք դրանցով։—Այս խոսքերը ասելուց հետո նա յուր կողքին քարշ ընկած մաղախից, որ ավելի նմանում էր հովվական պարկին, դուրս բերեց մի զույգ կարմիր խնձոր, որոնք կարծես թե Եդեմի ծառերից քաղված լինեին։ Մինը տվեց ինձ, մյուսը—քեզ, մահտեսի Ավետի՛ս. այնուհետև աներևութացավ նա ուռենյաց ծառաստանի մեջ։ Թեպետ մենք շատ աղաչեցինք, որ կանգնե, որ համբուրենք նրա ոտները, նա ուշադրություն չդարձրեց, գնաց-հեռացավ մեզանից։ Այնուհետև ես իմ խնձորի կարմիր մակերևույթի վրա նայեցի ուրախությամբ, և չկարողացա զսպել իմ զարմանքը տեսնելով նրա կեղևի վերա ոսկե տառերով գրված «Սալբի» անունը։ Դուք ևս, ո՛չ սակավ զարմանալով, ցույց տվիք ձեր ձեռքի խնձորի վրա մի երկրորդ անուն, նույնպես ոսկե տառերով դրված «Հովհաննես»։ Մինչ մենք սքանչացած աշխատում էինք բացատրել այդ խորհրդական անունների գաղտնիքը, և թե ո՞վ էր այն երկնավոր ալևորը՝ հանկարծ զարթեցի և զգացի—երազ էր։

Երբ վարպետ Պետրոսը ավարտել էր յուր երազի պատմությունը, զարդարած արևելյան գեղեցկախոսության պաճուճանքով, մահտեսի Ավետիսի կնճռոտ երեսը պարզվեց. նա փաթաթվեց վարպետ Պետրոսի վզով, գրկախառնվեց նրա հետ, ասելով.

—Ախ, իմ սիրելի բարեկամ, միթե չդիտեք թե ո՛վ է եղել այն երկնային ալևորը—սուրբ Կարապետը, իմ բարեկամ, փառք տվեք աստծուն, մեր ուխտը ընդունելի է եղել երկնքում…։ Տերը սուրբ Կարապետի բարեխոսությամբ կկատարե մեր փափագները...։ Ապա ի՞նչ են նշանակում այն երկու անունները—երկու խնձորների վրա։

Վարպետ Պետրոսը տեսավ, որ յուր բարեկամի ասածները հեռու չէին ճշմարտությունից, և իրոք նրա սրտում տպավորվեց այն միտքը, թե յուր երազը մի այլ խորհուրդ չուներ, քան թե յուր լսածները մահտեսի Ավետիսից։

—Ճիշտ է ձեր խոսքը, Մահտեսի,—կրկնեց վարպետ Պետրոսը.—ճշմարիտ, դուք մի կատարյալ երազահան եք։ Եղբայր, ես մտաբերում եմ երեխայությանս ժամանակ լսած հեքիաթները իմ պառավ տատիցս, որպիսին են Թըհարի և Զոհրայի, շահ-Սմայելի և այլ սիրավեպերը։ Նրանց ծնողները, որ անժառանգ եղբայրներ են եղել, երազում տեսնում են մի դերվիշ, որ նրանց տվել է խնձոր