Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և դրանով նրանք ծնել են զավակներ՝ առաջուց ուխտելով ամուսնացրել, միմյանց հետ ծնվածները, եթե նրանք երկսեռ լինեին։

—Ա՜խ, եղբայր, այդ ուխտը մենք ևս անենք,—նրա խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը։

—Շատ բարի, շատ լավ,—ուրախանալով պատասխանեց վարպետ Պետրոսը.—մեր հավատարիմ բարեկամությունը թող լինի խնամություն:

—Խնձորների վրա գրված «Հովհաննես», «Սալբի» անունները նույնպես ցույց են տալիս, թե ծնվածները տղա և աղջիկ են լինելու… ։

—Անտարակույս… անտարակույս…

Աստուծո լույսը բացվեց։

Վանքի զանգակների խուլ և ձգական ձայնը լսելի եղավ թփապատ բլուրների մեջ։ Ժամհարները սկսեցին հրավիրական կոչ կարդալ ուխտավորների իջևանների առջև, որ աղոթքի գան։

Երկու բարեկամները լի բախտավոր հույսերով գնացին վանք։ Միաբաններից մի սրբակրոն վարդապետի (որ այն օր պատարագիչ էր տիրոջ սեղանի վրա) առաջարկեցին առատ «հիշոց»-մի քանի աշրաֆի[1], որ նրանց ուխտադրության հաստատության համար աղոթեր պատարագի միջոցին։ Այն օր նրանք մատաղ մորթեցին, բաժանեցին աղքատներին, և հրավիրեցին պատարագիչ վարդապետին ճաշելու իրենց վրանում։ Վարդապետը ճաշից հետո օրհնելով մի կտոր հաց տվեց մահտեսի Ավետիսի և վարպետ Պետրոսի ձեռքը, նրանք կտրեցին հացը, կերան, գոհացան՝ կրկին ուխտելով իրենց խնամության մասին։

Արդարև՝ տուն դառնալուց հետո՝ մի որոշյալ ժամանակից հետո վարպետ Պետրոսին ծնվում է մի աղջիկ, որի անունը դնում են Սալբի, իսկ մահտեսի Ավետիսին ծնվում է մի արու զավակ, որ կոչեցին Հովհաննես, որ և յուր պատանեկության հասակում վայելչագեղ և քաջ տղամարդ լինելու համար ստացավ Ֆրիդովսիի հերոսի անունը— Ռուստամ։ Նրանք օրորոցում նշանադրվեցան՝ լինելու միմյանց հարս ու փեսա… ։

  1. Աշրաֆի-պարսկական ոսկեդրամ, որ հավասար է մոտ 2 ռուբլու կամ 4 շիլինի