Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

ԼԻԼԻԹԸ

Հովասաբենց վարպետ Պետրոսը և նրա կինը՝ տիկին Թարլանը ծնողական բարեխնամ հոգաբարձությամբ սնուցանում էին իրենց մի հատիկ զավակը՝ փոքրիկ Սալբին, որի քնքուշ և ազնիվ կազմվածքը, հրեշտակային դեմքը-առիթ էին տալիս գուշակելու, թե նրա պատանեկության գարունը ծաղկելու էր գեղեցկության բոյոր անուշահոտ վարդերով։ Փոքրիկ Սալբին ուներ սև մետաքսանման մազեր, թուխ վառվռուն աչեր, նուրբ կամարաձև հոնքեր, բոլորակ և լիքն երես, փափուկ վարդագույն թշեր։ Նա աճում, մեծանում էր անհամեմատ արագությամբ։ Նրա ուղիղ հասակը ձգվում էր դեպի բարձր, որպես մի մշտականաչ սալբի ծառ (նոճի):

Նրա դաստիարակությունը, սկսյալ մանկությունից՝ առաջ էր գնում նրա ծնողների գաղափարների և ճաշակի համաձայն։ Բայց ի՞նչ օրինավոր ուսում և դաստիարակություն կարող էր ստանալ խղճալի Սալբին մի այնպիսի հորից և մորից, որոնց խելքը-միտքը վարակված էր կախարդական առեղծվածներով, որոնց բարք ու վարքը ցույց էին տալիս մոգական մոլեկրոնություն, որոնց բնավորությունը, խոսակցությունը, օրինակները և ուսմունքը՝ որ ամեն օր տեսնում և լսում էր Սալբին՝ բավական էին մանկությունից տպավորելու նրա մաքուր սրտի վրա հիմար սնոտիապաշտությունը և մոլեկան սնահավատությունը։

Մի գիշեր վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը՝ երկուսը միասին՝ նստած խոսում էին և փոքրիկ Սալբին նրանց ականջ էր դնում։

— Վա՜յ խեղճիկ, ի՜նչպես մեռավ Մեհրապենց հարսը,— ասաց հանկարծ տիկին Թարլանը ափսոսելով։

— Մեհրապենց հա՞րսը, մեռա՞վ,—հարցրուց վարպետ Պետրոսը զարմանալով։

— Հա՛, այսօր իրիկնապահին. բայց ափսո՜ս, ինչ ազնիվ հոգի էր այդ չքնաղագեղ կնամարդը: Այո՛, նա մեռավ իր ծաղկափթիթ հասակում...։

— Ափսո՜ս, ափսո՜ս,-կրկնեց վարպետ Պետրոսը. վա՜յ նրա անբախտ տղամարդին... բայց չգիտե՞ք նրա մահվան պատճառը:

— Յուր տղայի ծնունդը. չկարողացավ ազատվել։

— Ա՜խ, ո՛րքան անմեղ տղաներ և ո՛րքան խղճալի մայրեր փչացրել են և պիտի փչացնեն այդ անգաթ մանկաբարձ պառավները իրանց հիմարությամբ...։