Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մանկաբարձ պառավը մեզ չէ ունեցել. ասում են, որ հանգուցյալի լերդը գողացել էին «մեզնից աղեկները» (դևերը), —առարկեց տիկին Թարլանը, երեսը խաչակնքելով։

— Մի այդպիսի դիպվածում դարձյալ մեղը մանկաբարձինն է, որովհետև նրանք կարող էին գործ դնել ծննդականներին հարկավոր զգուշությունները։

— Որպիսի՞ զգուշություններ։

— Ահա այդպիսի. շուրջանակի խազել տան մեջք չորս պատերի երեսին մի սև գիծ, և մի գիծ ևս դռան շեմքի առջև, կարդալով այդ գործողություններին պատշաճ աղոթքները, որ բոլոր մանկաբարձները գիտեն։ Այդ նախազգուշությունները կարգելեն դևերին երդիկներից կամ դոնից մտնել և մերձենալ ծննդկանին։ Բայց շատ անգամ պատահել է, որ նախազգուշություններ կատարելուց առաջ, ներս մտած են լինում «չարքերը»: Այդ ժամանակ պետք է դնել ծննդկանի չորս կողմը մերկ դաշույններ, պողովատից շինած գործիքներ և արձակել մի հրացան։ Իսկ երբ ազատվել է ծննդկանը՝ պառկած տեղը, գրելու է նրա վերմակի չորս անկյունների վրա երեք հրեշտակների խորհրդական անունները— Սանվի, Սասանվի, Սամանկալեֆ, և «ի բաց լիցի Լիլիթ»։

— Ո՞վ է այդ «Լիլիթը»,— նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը։

— Միթե չգիտե՞ք,— խոսեց վարպետ Պետրոսը,— Լիլիթը է դևերի մի նշանավոր ցեղի նահապետուհին, որ մարդկային ազգի հետ հին թշնամության պատճառով՝ ուխտել է միշտ մահ նյութել ծննդկաններին և նրանց տղաներին։ Դրա համար է, որ վերմակի անկյունների վրա գրում են ա՛յն երեք հրեշտակների անունները, որոնցից հալածվում է չար Լիլիթը:

— Ի՞նչ գաղտնիք կա դրա մեջ. դուք չեք պատմել ինձ մինչև այսօր մի այդպիսի բան[1]։

Վարպետ Պետրոսը կարևոր համարեց պատմել յուր կնոջը Լիլիթի պատմությունը, և սկսեց այսպես.

—«Եվա նախամորից առաջ՝ աստված ստեղծեց հայր Ադամի համար ընկեր—Լիլիթը. դա Ադամի մոտ երկար չմնաց, այլ խռովելով հեռացավ նրանից։ «Տեր», բողոքեց նախահայրը, «կինը, որ ինձ տվիր՝ չէ հնազանդվում. նա թողեց և հեռացավ ինձնից»։ Այն

  1. Բացի զանազան կախարդական և սնապաշտական արարողություններից, որ հայոց կանայք գործադրում են ծննդականների վրա, պարսկահայոց մեջ նոր ծննդականները մինչև քառասուն օր—իրանց երեխայի ծննդից հետո—տանից դեպի լույս դուրս չեն գալիս, արևի երեսը չեն տեսնում, ծննդականը յուր խուցից միայն գիշերներն է դուրս գալիս։