Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ աստված ուղարկեց երեք հրեշտակներ— Սանվի, Սասանվի և Սամանկալեֆ, որ հաշտեցնեն Լիլիթը Ադամի հետ։ Հրեշտակները գտան Լիլիթին այն ծովի վրա, ուր կորավ Փարավոնը յուր զորքերի հետ. հայտնեցին աստուծո հրամանը, թե եթե նա չհնազանդվեր Ադամին և չհաշտվեր նրա հետ՝ տիրոջ անեծքով օրը նրա որդիներից հարյուրը պիտի մեռնեին։ Լիլիթը չհոժարեց վերադառնալ Ադամի մոտ։ Հրեշտակները կամեցան ձգել նրան ծովի ալիքների մեջ։ Լիլիթը պաղատեց, որ չնեղեն և չչարչարեն իրան, և երդվեց, ասելով.— թեպետ ես մտադիր էի այսուհետև վնասել ադամորդիների արու տղաներին՝ նրանց ծնունդից ութ օր հետո, և էգերին՝ երեսուն օր հետո, բայց ես դաշն եմ կապում ձեզ հետ, և անկեղծ երդումով հաստատում եմ իմ պայմանները՝ այլևս չվնասել մարդոց որդիների տղայոց՝ երբ տեսնեի ձեր անունները արձանագրված նրանց վերմակների անկյունի վերա։ (Եվ այսպես, ամեն օր մեռնում են նրա ծնունդներից հարյուր հոգի)։

Քանի այդ թալմուտական[1] առասպելը մոտենում էր յուր վերջին, փոքրիկ Սալբին դողում էր վախից։ Լիլիթի և դևերի պատմությունը զարթեցրին նրա սրտում մի անսովոր երկյուղ։ Նա չկարողացավ ավելի դիմանալ և խնդրեց մորը, որ քնացներ իրեն։ Բայց խեղճ երեխան չկարողացավ քնել, ամբողջ գիշերը նա անցրեց մի անհանգիստ դրության մեջ։ Խառն և զարհուրելի երազներ խռովում էին նրա քունը. նա շատ անգամ քնաշորերից ցատկում և փախչում էր կոչելով. «Վա՜յ դևերը... դևերը»։ Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը գործադրեցին իրենց կախարդական բոլոր գիտությունը, բայց չկարողացան հանգստացնել երեխային. արևաբացին նա մի փոքր քնեց, բայց այնուհետև չկարողացավ վեր կենալ մահճից, որովհետև սաստիկ վառվում էր ջերմախտով։

Փոքրիկ Սալբիի հիվանդությունը ծանր հարված պատճառեց իր ծնողների սրտին։ Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը անհնարին տխրության մեջ, բոլորովին հուսահատված երեխայի մյուս անգամ առողջանալու մասին՝ միշտ լաց էին լինում։ Նրանք ամենևին չէին մտածում, թե նրա հիվանդանալու պատճառը եղել է իրանց գիշերային խոսակցությունը դևերի մասին, այլ առավել

  1. Այդ հրեական ավանդությունը, որ նրանք մինչև այսօր գործադրում են ծննդկանների վրա՝ հայերի մեջ ընդհանուր սովորություն չէ. բայց շատ անգամ կախարդ գիտնականները գործ են դնում, երբ մի կնոջ երեխաները մեռնում են ծնվելուց հետո։