Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծում էին թե անպատճառ այն չար Լիլիթը պիտի վնասած լինի երեխայի՝ յուր անունը հիշելու համար։

Առավոտյան, լսելով Սալբիի հիվանդությունը, Հովասաբենց տունը մտան նրանց դրկիցները՝ ծերունի Մկրտիչը յուր կնոջ՝ Մարթայի հետ.—«բարձը բարի լինի…։ Աստված հիվանդություն չտա»,— ասելով գնացին նստեցին հիվանդի մահճի մոտ։

— Քանի՞ օր է, որ հիվանդ է Սալբին,— հարցրուց պառավ Մարթան առժամանակյա լռությունից հետո։

— Գիշերվանից,— պատասխանեց տիկին Թարլանը վշտալի ձայնով։

— Միթե այսքան ժամանակ անխնա՞մ եք թողել, և մի ճար չե՞ք արել:

— Ի՞նչ ճար... իմ ճարը մնացել է աստված... բայց այն հնարները, որ կարող է գործադրել ադամորդու խելքը՝ բոլորը գործ եմ դրել։

— Ի՞նչ եք արել,— կրկնեց հետաքրքրությամբ պառավը։

— Հիվանդության սկզբում, կարծելով որ «չար աչքով տվին» իմ երեխային, առավոտյան թոնրում հաց թխելու միջոցին՝ ալյուրի անխմոր շաղախից շինեցի փոքրիկ գնդակներ և «ասմունքն» ասելով ձգեցի թոնրի մեջ, կրակի վրա, և իրավ, գնդակները սաստկությամբ տրաքեցան՝ չար աչքերն էլ նրանց հետ։

— Այլևս ոչի՞նչ։

— Երբ տեսա գնդակները օգուտ չարեցին, առաջ տարավ հիվանդի մայրը, իսկույն մի մարդ ուղարկեցի ջհուդ խախամ-Շմենթոյի մոտ. նա գրքին նայելով ասել է՝ «չարից» է, թշնամի ոգիներից հարված է ստացել՝ նա հավկիթի վրա, սև հավի արյունով գրել էր մի բան՝ պատվիրելով, որ թաղենք գերեզմանատան ճանապարհի վրա։

— Ինչո՞ւ դուք «մեոհտաջ» (կարոտ) եղաք ջհուդին,— մյուս կողմից նրա խոսքը կտրեց ծերունի Մկրտիչը—այդ կարող էր անել և ձեր ամուսին այրը, նա այդ գիտության (կախարդության) մեջ գերազանց է բոլորից։

— Այդ ճիշտ է,— պատասխանեց տիկին Թարլանը,— բայց չե՞ք լսել, որ, «մարդ յուր մեռելը չէ կարող թաղել». բացի այդ, ինձ ասացին, որ ծնողների «թղթերը» չեն ներգործում իրենց զավակների վրա, այդ պատճառով մի այլ «փթիկ» տվի տեր Աբրահամը գրեց. գիտե՞ք, նրա գիրը սարը կճեղքե...: Այդ փթիկը տերտերի պատվերով, յոթն աղբյուրի ջրով տրորեցինք և թասի մեջ