Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամներից՝ ինքը վարպետ Պետրոսը, նրա խնամին՝ մահտեսի Ավետիսը, տեր Մարուքը և մի քանի այլ մարդիկ:

Երիտասարդ կանայք իսկույն, որպես դևերը խաչանշանից՝ փախան աներևութացան մարդիկը տեսնելով, մնացին մի քանի հնացած պառավներ, որոնք, առանձնանալով սենյակի անկյունում, բոլորը միաժողով նստեցին աչք ու երեսները ծածկելով իրանց սպիտակ լաչակներով։

Եկվորները պատեցին հիվանդի չորս կողմը, ամենքն էլ գդակները վերցրին՝ երբ տեր Մարուքը սկսեց կարդալ «պահպանիչը», այնուհետև բոլորը նստեցին հիվանդի մահճի մոտ։ Հիվանդը անզգա թմրության մեջ էր. նրա թույլ շնչառությունը ցույց էր տալիս թե նրա դրությունը վատ է։ Վարպետ Պետրոսի սիրտը չդիմացավ, նա՝ աչքերը լցված արտասուքով դուրս գնաց։

— Տեր հա՛յր, ծառա եմ աջիդ,— ասաց ծերերից մինը.— իհարկե, «ինչ որ քո ոտքը գիտե, մեր գլուխը չգիտե», բայց և այնպես ներեցեք համարձակությանս... ինձ երևում է, թե հիվանդը վատ դրության մեջ է. լավ չէ՞ր լինի մի փոքր, եթե բժշկության Ավետարան կարդայիք վրան։

— Լա՛վ ես հրամայում, պարոն Թորոս, Ավետարանը և՛ հոգևոր, և՛ մարմնավոր կերակուր է,— պատասխանեց քահանան, ամենևին չհասկանալով յուր սերտած բառերի իմաստը, և հրամայեց յուր տիրարուին, որ բերե Հովասաբենց մեռել-հարույց Ավետարանը։

Երբ Ավետարանը բերեցին, բոլորը գդակները հանած՝ ոտքի կանգնեցան։ Քահանան ձայն տվեց.— «Ալրմաղը» բերեք. ծերերից երկու մարդ բռնեցին ալյուրի մաղը հիվանդի գլխի վրա, և տեր Մարուքը Ավետարանը նրա վրա դնելով սկսեց շարական ասելով մեկ-մեկ բաց անել Ավետարանի վրայից փոշոտած, ծխում-մխում սևացած աղլուխները։ Խղճալի տեր Մարուքը, որ չգիտեր մի այլ երգ, տասն անգամ կրկնեց զանազան եղանակներով նույն երկտող շարականը, բայց Ավետարանի վրա փաթաթած աղլուխները տակավին չէին վերջացած։ Վերջապես երևան եկավ մի հաստ կազմով գիրք, մագաղաթի վրա կարմիր, կապույտ և զանազան ներկերով գրված, նրա մաշկյա կողերը զարդարված էին հասարակ ակներով և մի պղնձյա խաչով, որ ամրացված էր նրա կողքի վրա։

Բոլորը երկյուղածությամբ երկրպագություն տվին, երեսները խաչակնքեցին՝ տեսնելով աստուծո գիրքը, որ տեր Մարուքը բացելով