Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արարողությունները, բայց տեր Մարուքը այդ իրողությանը ամենևին ուշադրություն չդարձրեց. նույն րոպեում նա զբաղված էր մի այլ բանով․ նա չկարողանալով արձակ-համարձակ տեսնել խաչհամբույրների հաշիվը, մի ձեռքը գրպանը տարած` կամաց-կամաց համարում էր արծաթները։

Քահանան վեր կացավ, և բոլոր բազմությունը նրա հետ դուրս գնաց։ Հիվանդի մահճի շուրջը պատեցին դարձյալ պառավ իմաստուհիները և սկսեցին խոսել իրանց առապելաբանական խորհրդածությունները։

Մի քանի շաբաթից հետո տեր Մարուքի շնորհիվ և աստծո ողորմությամբ, փոքրիկ Սալբիի տկարությունը հետզհետե ուղղվելով՝ նա բոլորովին առողջացավ ի մեծ ուրախություն յուր ծնողների։

Դ

ՎԱՐԺԱՊԵՏԸ ԵՎ ՎԱՐԺՈՒՀԻՆ

Վարպետ Պետրոսը երկար չվայելեց յուր զավակի ուրախությունը, որ սուրբ Կարապետը բաշխել էր նրան։ Նա վախճանվեց, անմխիթար սգի մեջ թողնելով յուր կինը` տիկին Թարլանը և յուր հինգ տարեկան աղջիկը՝ նազելի Սալբին։ Սալբիի մայրը, ամուսնու մահից հետո բարեխնամ կերպով հոգաբարձու եղավ փոքրիկ Սալբիի կրթությանը։ Յոթն տարեկան հասակում Սալբին հանձնվեց Հովասաբենց դրացի Մարթային, խելացի և բանագետ պառավին, որի խոհեմության և շնորհալիության մասին տիկին Թարլանը մեծ համարում ուներ։ Պառավ Մարթան ինքը կարդացած չէր և ոչ իսկ տիկին Թարլանը յուր աղջիկը հանձնեց նրան այն մտքով, որ գիր կարդալ և ուսում սովորե։ Գրագիտությունը այն ժամանակ մի չար թախտով` սովորություն չէր, ո՛չ միայն աղջիկների, այլև տղայոց համար։ Բայց տիկին Թարլանը հանձնեց Սալբիին յուր նոր վարժուհուն, որ նրան ծառայելով՝ կար և ձև, խելք-հրամանք և ազնիվ ու առաքինի բարք ու վարք սովորե։

Տունը, որի մեջ բնակվում էր Մարթա պառավը յուր ալևոր ամուսնի՝ Մկրտչի հետ, արժանի է հարցասիրության, ո՛չ նրանով միայն, որ նա մի զույգ արդար և բարեպաշտ ամուսնակիցների բնակարանն էր, այլ առավել նրանով, որ այդ տունը պահում էր