Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր մեջ մեր պապերի հին տների շինվածքի բոլոր ձևերը, ներքին և արտաքին բոլոր սարք ու կարգը, բոլոր կահ֊կարասիքը, աներ՝ որոնց մեջ նրանք անցրել են իրանց ցավալի կյանքը Պարսկաստանում։

Դռան առջև, երկու կամ երեք թզաչափ բարձրությամբ ձգած է կովերի «կուն» (աղբը), որպեսզի փողոցի միջից անցուդարձ անողների ոտերի տակ պնդանալով «տարթ» (տոռֆ) դառնա, հետո կտրեն թոնրի վառելիքի համար։ Այդ ապականությունը անձրևային օրերին ձևացնում է մի գարշահոտ ճահիճ, որի մեջ մինչև ծնկները թաթախվելով, ոտերդ և «սոլերդ» (կոշիկներդ) մի լավ ներկելով այդ հինայի մեջ, ներս ես մտնում՝ գլուխդ խոնարհեցնելով մի նեղ դռնից․ քո առջև բացվում է նախագավիթը յուր ցածրիկ, քայքայված շրջապարիսպներով, շինած պնդացած կավից, որ, երկար ժամանակ «մոլայի» կամ «սվաղի» երես չտեսնելով՝ համարյա կիսամաշ էին եղել անգութ անձրևից, ձյունից և կարկուտից։ Այդ նեղ և անձուկ բակի տարածությունը հազիվ յուր մեջ կարողացել է տեղավորել աղբանոցը, ուր թափում էին ամեն օր վառած աթարի մոխիրը, և արտաքնոցը` շրջապատած ճյուղերից հյուսած ցանկապատով։ Հարկավորության այդ երկու գլխավոր տեղերում, որ միամանգամայն բակի միակ զարդարանքն էին կազմում, ժամանակի ընթացքում ամենայն տեսակ ապականությանց՝ աղբի և մոխրի բավական մթերք հավաքվելով, կուտակվում, բարձրանում` կազմում էին մի քանի բլուրներ, որ ոչ սակավ ձեռնտու էին լինում տանտիրոջ օգտին, երբ երկրագործը գտնելով այդ ապականությունը, տանում էր յուր հողերը պարարտացնելու, նրանց ուժ և զորություն տալու համար։ Այդ օրհնյալ զննողի շնորհիվ մի քանի օր բակը ազատվում էր ժահահոտությունից, և մարդ կարող էր, առանց պնչածակերը երկու մատերով պինդ փակելու բակի միջով անցնել և մտնել ծերունի Մկրտչի տունը—եթե նրա հետ գործ ունենար։

Առաջին շինվածքը բակի հարավային ճակատում` է սրահը մի երեք կուսից պարսպով պատած, առջևը կամ երեսը բաց, փայտյա վանդակապատով չափարած ծածկոծ, որը մինչև այսօր պահում է յուր հին անունը։ Այստեղ բնակում են ամառը, կամ եղանակների տաք օրերին։ Սրահի միջից բացվում է մի նեղ դուռն, որ ներս է տանում դեպի խրճիթը` գլխավոր տաք բնակարանը, որի մեջ անց են կացնում ձմեռը։ Այդ քառակուսի խուղը[1] շուրջանակի

  1. Խուղը-խուցը: