Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոխերիմ կերպով զինավորվել էին նրա դեմ և նրա քսակից անիրավաբար քաշում էին արծաթներ։ Այնուհետև մակաբերելով, թե բոլոր այդ չարիքների գլխավոր պատճառները՝ կինը, որդիքը, աղջկերքն ու ընտանիքն է, Ճանճուր Իվանիչը յուր հայհոյանքի կայծակների տարափը դարձրեց դեպի ընտանեկան կյանքը, դեպի ամուսնությունը և դեպի... ի՞նչ ասեմ՝ ավելի սուրբ բաներ...:

Եվ այդպես առատ հայհոյանքով բավական կազդուրելով յուր սրտի թուլացած զորությունը, որ պատճառեց կառավարի հանկարծական լուրը ախոռատան բակում, Ճանճուր Իվանիչը վճռեց, թե նրա ընտանեկան կյանքում այդ մեծ կործանիչ վերանորոգության գլխավոր ռեֆորմատորը ոչ այլ ոք էր, բայց միայն օրիորդ Սոֆին։ Եվ եզրակացնելով թե յուր աղջկան դեպի մի այդպիսի չարագործության հարկադրող պատճառներն էին ուսումն ու գիտությունը, Ճանճուր Իվանիչը յուր հայհոյանքի մնացորդ մասը թափեց ուսումնարանների և գրի ու կարդալ մոգոնողների վրա։

Եվ մինչ Ճանճուր Իվանիչը յուր փոքրիկ սենյակի խորքից արձակում էր հայհոյանքի կայծակներ դեպի Աթենասա սրբարանները, հանկարծ ներս մտավ Սամիլ Պետրովիչը։ Նա այն գիշեր նախ մտնելով տիկին Բարբարեի մոտ, մասնավորապես տեղեկացել էր, թե այն օրը ինչ էր անցել նրանց տան մեջ, որովհետև նա այնտեղ վրա հասավ, երբ գործակատարը նստած պատմում էր տիկին Բարբարեին բոլոր անցքը, որ անցավ յուր տիրոջ սենյակում։ Եվ ջրի պղտորության մեջ ձուկ որսալը Սամիլ Պետրովիչի էական կանոններից մինը լինելով, նա մտածեց օգուտ քաղել այդ խռովությունից։

Մինչև Ճանճուր Իվանիչի սենյակ գալը նա մտածում էր, թե արդեն կատաղած Ճանճուր Իվանիչը իսկույն կսկսե դարձյալ հայհոյել, անիծել, լաց լինել և բողոքել յուր ընտանեկան անկարգությունների դեմ, իսկ ինքը փոքր-ինչ կխրատե նրան, կհանգստացնե, կմխիթարե, այնուհետև կտանե նրան յուր ընտանիքի մոտ, այնտեղ կբարիշացնե նրան յուր կնոջ և աղջկա հետ։ Եվ այդպիսով լինելով միջնորդ հաշտության նրանց միջև ու բավական խորը մտնելով նրանց ընտանեկան գաղտնիքների մեջ, նա կարող է Հացի-Գելենց գերդաստանի շրջանում յուր բարձի համար հիմնավոր տեղ գտնել։

Բայց մտնելով Ճանճուր Իվանիչի սենյակը, Սամիլ Պետրովիչը գտավ նրան ոչ այն, ինչ որ սպասում էր։

Թեև բնականաբար երկու ծայրահեղ իրողություն, զորօրինակ ծնունդ կամ մահ, ծիծաղ կամ լաց, ուրախություն կամ տխրություն