Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուամենայնիվ չի կարելի սառն աչքով նայել այն հետաքրքրական տեսարանի վրա, որ վաճառքի նյութը՝ բողկը կամ ջոնջոլը և կամ խրամուլի չէ, այլ մեզ նման մարդու մի սիրուն աղջիկ։

Արդարև, զանազան կողմերում մենք տեսել ենք հայաբնակ քաղաքներ և գյուղեր, ուր հայրը վաճառում է յուր դուստրը, որպես յուր տան չորքոտանին, չնչին արծաթի գնով, որ նա ստանում է յուր փեսայի հորից։ Բայց այդ քաղաքի աղջիկների առևտուրը լինում է բոլորովին հակառակ մեր տեսածներին։ Այստեղ աղջիկը ծախվում է վրադիր փողով, այսինքն՝ հարսնացուի հայրը վճարում է արծաթ յուր փեսային, որ կարծես թե, ցավալի է ասել, մի մարդ վարձատրում է մշակին, որ տանե և հեռացնե նրա տանից մի անպետք բան:

Ցավալի՜ դրություն, ո՛րքան ոտնակոխ է եղած գեղեցիկ սեռի պատիվն ու իրավունքը։ Այստեղ փեսայի աչքում յուր ընտրելու հարսնացվի գեղեցկությունը, սերը և նրա բոլոր արժանավորությունները ոչինչ նշանակություն չունին, եթե նա յուր հետ չի բերում առատ արծաթ։ Եվ ընդհակառակը՝ աղջկա տգեղությունը, բարոյական և հոգեկան արատները բոլորը ծածկվում են փեսայի աչքերից, երբ նա յուր հետ բերում է շատ փող։

Բայց մեր չքնաղագեղ հերոսուհին բախտավոր է այդ կողմից։ Նա ունի ոչ միայն գեղեցկություն և ուրիշ արժանավորություններ, այլև փող։ Բայց դարձյալ նա կարոտ է դալալի, որ գտնի նրա համար, ինչպես ասացինք, մի մշակ՝ նրան յուր հոր տնից հեռացնելու համար։

Հոգ չկա, մի կարգ մարդիկ պարապում են այդ դալալության արհեստով․ դրանք կոչվում են մոցիքուլներ: Թեև մենք խորին կերպով այդ լեզվին տեղյակ չենք, որ հայոց խոսքով բացատրենք այդ վրացերեն բառի նշանակությունը, միայն մեր կարծիքով՝ միեցի փուլի խոսքից է, որ նշանակում է «տո՛ւր փող»․ այդ արհեստով պարապողների համար խիստ հարմարավոր անուն։

Հրավիրում ենք այսուհետև ծանոթանալ Սամիլ Պետրովիչի՝ այդ կարգի մարդկանց պատվավոր անդամներից մեկի հետ։

Մեզ հայտնի է, որ ճանճուր Իվանիչը կյանքի փորձերում եփված մարդ է։ Նա և՛ բաղկալի աշկերտ է եղել, և բազազի։ Նա գիտե գործ դնել բոլոր փահ-փահը յուր վաճառելի ապրանքի համար։ Բայց դժբախտությունը նրանումն է, որ նա մտածում էր բանն այնպես բերել, որ Սամիլ Պետրովիչն ինքն այդ մասին խոսք բաց անե։