Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճանճուր Իվանիչի այդ իղձը նույնպես կատարվեցավ։

Սամիլ Պետրովիչը վաղուց նկատել էր, թե Հացի-Գելենց տան ընտանեկան անհամաձայնությունների գլխավոր պատճառը տիկին Բարբարեի անտանելի ծախսերն են, որոնք լինում էին օրիորդ Սոֆիի առիթով։ Այս իրողությունից նա եզրակացրել էր, թե օրիորդ Աոֆիին տնից հեռացնելը Ճանճուր Իվանիչի գլխավոր ցանկություններից մինն է լինելու։ Եվ մտածելով, թե այն օրվա անցքն առավելապես գրգռած պիտի լինի Ճանճուր Իվանիչի մի այդպիսի ցանկությունը, նա հարմար դատեց այդ մասին խոսել նրա հետ, գուցե կարողանար օրիորդի սովդան բարիշացնել մինի հետ և մեջտեղից մի քանի հարյուր մանեթ փող գջլել։

— Ջեր դրանք թող մնան,— խոսեց վերջապես Սամիլ Պետրովիչը,— հալա դուն ինձ ասա, տեհնիմ, Ճանճուր Իվանիչ, Սոֆիին ե՞փ պիտիս մարդի տա, վուր մենք էլ մե քանի շահի խերվինք։

— Ի՞նչ իս ասում, Սամիլ Պետրովիչ,— պատասխանեց այդ անակնկալ հարցի համար ուրախացած Ճանճուր Իվանիչը։— Սոֆիի ջեր ի՞նչ վուխտն է։

— Ինչի՞ վուխտը չէ, թթու իս դրի՞, ինչկլի չքացխի չիս ծախի՞:

— Չէ, նա ջեր տասնուչորս տարեկան է։

Արդեն հինգ տարի կլիներ, որ Ճանճուր Իվանիչը հենց ամեն հարցնողին պատասխանում էր, որ «Սոֆին տասնուչորս տարեկան է»։

— Տասնուչորս տարեկա՞ն,— կրկնեց Սամիլ Պետրովիչը։ — Իմ հոգին գիդենա, հենց լազաթի մարդու տալու վուխտն է։

— Չէ, աստուծ գիդենա, Սոֆին ջեր էրեխա է։

— Թե ինձ կու հարցնիս, աղջիկը վուրքան չուստ մարդու տաս, չիս փոշմնի, նրա համա վուր աղջիկը պահելու ապրանք չէ։

Ճանճուր Իվանիչը մի քանի րոպե լռեց ու որպես թե դժվարանում էր այդ հարցին պատասխանել։

— Լավ ո՞ւմ տանք, ո՞վ է էտպես լավ օքմին, ամեն մարդու էլ խոմ չիս ըլի աղջիկ տալ,— որպես ակամայից համոզվելով՝ խոսեց Ճանճուր Իվանիչը։

— Լավ մարդիկ իս ուզո՞ւմ,— հարցրեց Սամիլ Պետրովիչը։ — Էգուց էվետ հազարը ճարիմ։ Բանի վուխտ է վուր քա՛նի-քանի օրինավոր օքմնիր ինձեմեն խնդրում ին Սոֆիի մասին։

— Ո՞վքեր։

Եվ Սամիլ Պետրովիչը սկսավ անունները մեկ֊մեկ հիշել՝ ամեն կարգերից և ամեն աստիճաններից։ Եվ ապա ավելացրեց.