Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մախոխ էր ծախում Շեյթան փողոցում և մեռավ դառն չքավորության մեջ, միայն յուր արհեստի անունը ժառանգություն թողնելով յուր զավակներին։

Բայց Խեչոն այնքան խելոք տղա էր, որ կարողացավ այնուհետև այնքան փող աշխատել, մինչև մարդու տվավ յուր երեք քույրերը և ինքը այնքան գումարի տեր դարձավ, որ Միջի-փողոցում ուներ մի հասարակ խանութ մանրավաճառի, այլև պարապում էր փոքրիկ փոդրաթներով։ Բայց որպես և իցե Մախոխենց Խեչոն առևտրականների խիստ ստոր տեսակիցն էր։

Բայց զարմանալու արժան է Ճանճուր Իվանիչի մի այդպիսի ընտրողությունը թե ի՛նչ նպատակով նա այնքան բազմության միջից որոշեց Մախոխի տղին։

Հարցը խիստ պարզ է։

Ճանճուր Իվանիչին դրդողը դեպի մի այդպիսի ընտրղություն, սրի մասին ասաց Սամիլ Պետրովիչին, առանձին համակրությունը չէր դեպի իրան համավիճակը և արհեստակից մարդիկ․ նա դրանում ուներ յուր գաղտնի նպատակը, որի մեջ թաքուցած էր տնտեսական խնայողությունը։ Նա մտածեց, թե մի չնչին գումարով կարելի կլինի մի այդպիսի մարդու գլխին կապել իր աղջիկը։

Այդ պատճառով նա իր փեսայի ընտրողության մեջ վարվում էր այնպես, ինչպես յուր փոդրաթներում, որոնց մեջ նա փորձված էր։ Այն նյութերը, որոնցից պիտի կառուցաներ արքունական մի շինություն կամ այն պաշարները, որոնցով պետք է կերակրեր արքունի զորքը, որքան պատրաստվում էին վատ տեսակներից, որքան էժան էին նստում, այնքան առավել շահավոր էին լինում նրա համար։

Բայց արդյոք օպիորդ Սոֆին կընդունե՞ր նրան թե ոչ՝ կան թե կարո՞ղ էր յուր դուստրը բախտավոր լիներ մի այնպիսի ամուսնու հետ՝ դրանք Ճանճուր Իվանիչի համար մտածելու իրողություններ չէին, քանի որ նա յուր աչքի առաջ ուներ դրամի հաշիվը և հաստատ գիտեր, որ քիչ արծաթով կարելի էր որսալ մի այնպիսի փեսա։

Սամիլ Պետրովիչը նույն գիշեր բոլոր պայմանները կապեց Ճանճուր Իվանիչի հետ և խոստացավ երեք օրից հետո նրան վճռական պատասխան բերել։ Եվ այդպիսով, հանգստացնելով Ճանճուր Իվանիչի տարավ նրան կնոջ սենյակը, այնտեղ բոլորը միասին ընթրեցին։ Եվ ճանճուր Իվանիչը չուզեց այնուհետև կառքի կամ մյուս ծախսերի պատճառով խռովել յուր ընտանիքի հանգստությունը, մտածելով, թե օրիորդ Սոֆին մի քանի օրվա հյուր է յուր