Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան մեջ, նրան ճանապարհ գցելուց հետո ինքը գիտե, թե կառքն ու կառավարը ո՛ր ջհանդամը կկորցնե։

Մոցիքուլն այն գիշեր հեռացավ նրանց տանից տասնևերկու ժամին։


ԺԸ

Ճանճուր Իվանիչի սրտմտության այդ փոթորիկը, որ հարուցել էին նրա մեջ յուր կնոջ անկարգ շռայլությունները, նույնպես անցավ բավական լռությամբ՝ տիկին Բարբարեին դեռևս անհայտ պատճառներով։ Եվ Հացի-Գելենց տան խաղաղությունը կրկին վերականգնվեցավ ու ամենայն բան սկսավ գնալ յուր կարգով։

Ճանճուր Իվանիչը ոչինչ չհայտնեց յուր կնոջը Մախոխի տղի մասին՝ մտածելով, որ նա կարգելեր այդ բարի գործը, միայն թե սկսեց խաղաղությամբ վարվել նրա հետ, մինչև յուր նպատակը իրական կերպարանք կստանար։

Իսկ տիկին Բարբարեն զարմանում էր յուր ամուսնու բնավորության մի այդպիսի տարօրինակ փոփոխության վրա և չգիտեր, թե ի՛նչ է պատճառը նրա ներողամտության՝ գործակատարի հետ այն զարհուրելի խռովությունը բարձրացնելուց հետո. մինչդեռ ինքը սպասում էր նրանից կատաղի հանդիմանություններ, հանկարծ հանդիպում է նրա խաղաղ դեմքին։ Այդ պատճառով տիկին Բարբարեն մտածում էր, թե Ճանճուր Իվանիչի այդպիսի վարվեցողության մեջ անտարակույս թաքնված է մի որևէ խորհրդավոր գաղտնիք։

Այնուամենայնիվ, օգուտ քաղելով Ճանճուր Իվանիչի թեև կեղծավոր ներողամտությունից, տիկին Բարբարեն մի օր խնդրեց նրան ամառանոց գնալու մասին։ Բայց Ճանճուր Իվանիչը վճռողաբար մերժեց նրա խնդիրը։

Տիկին Բարբարեին անչափ վշտացրեց այդ։

Ճանճուր Իվանիչը ամառանոց գնալն արգելելու մեջ ուներ երկու նպատակ. մին որ՝ նա չուզեց ավելորդ ծախսերի տակ ընկնել, և մեկ էլ որ՝ ամառանոց գնալը, նրա կարծիքով, կհետաձգեր յուր դստեր պսակը Մախոխի տղի հետ։

Բայց կամենալով ջնջել այն վատ տպավորությունը յուր դստեր սրտից, որ ինքը պատճաոեց ամառանոց գնալն արգելելով, Ճանճուր Իվանիչը յուր մոտ կանչեց օրիորդ Սոֆիին, խիստ փաղաքշանքով ու կեղծավորությամբ նրա հետ խոսեց վրացերեն.