Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սոֆի, իմ սիրեկան, գիտեմ, որ դու քո մոր պես թեթևամիտ չես, նրա համար, որ դու ուսում ունի, գիտություն ունիս, խելք ունիս, ուրեմն հորդ խրատը չի դառնացնիլ քո սիրտը։ Սոֆի, ճշմարիտ է, ես արգելեցի ձեր ամառանոց գնալը, բայց եթե դու գիտենաս, թե ինչ էր իմ դիտավորությունը, երբեք չես վշտանա. ես արգելեցի ամառանոց գնալն այն պատճառով, որ ազատվիմ ավելորդ ծախսերից։ Դու գիտես, որ առանց դրան էլ այս տարի չափազանց ծախս է եղած։ Բայց իմ գործերի այժմյան դրությունն այնքան էլ աջողակ չէ, որ ես կարողանամ տանել այդ խոշոր ծախսերը։ Ուրեմն պետք է այնպես ապրենք, որ միշտ կարողանանք ապրել։ Թեև օտարները մեզ շատ հարուստ են կարծում, և շատ կարելի է դու էլ ու քո մայրն էլ այնպես եք մտածում, թե Ճանճուր Իվանիչը այն հարուստ ջհուդի (Ռոտշիլդի) չափ փող ունի։ Աստված է վկա, որ այդպես չէ. իմ հարուստ կարծվիլս մի դատարկ անուն է, որ նրանով կարողանամ պահպանել իմ վարկը և իմ համարումը մեր հասարակության մեջ։ Այլև մտածեցե՛ք, թե ես ի՛նչ դժվարություններով եմ փող աշխատում․ մեծ անխղճություն է իմ դառն քրտինքի պտուղներն այդպես անիրավաբար վատնել։ Բայց մեր ժամանակը վատ է, ապրուստի հոգսերը բազմացել են, իսկ աշխատանքի դռները փակվել մեզ նման մարդկանց համար և մեր երկրի օգուտները ֆրանցուզն ու նեմեցն է տանում, մենք էլ մեջտեղում զուր չախկ չուխկ ենք անում։

Այդպես երկար խոսեց Ճանճուր Իվանիչը, բայց նրա այդ խրատներն այնպես էին գլորվում օրիորդ Սոֆիի գլխից, ինչպես ընկույզը մինարեթի գլխից, և երկար լսելուց հետո օրիորդը պատասխանեց.

— Եթե մեր ամառանոց գնալն կծանրաբեռնի ձեզ ավելորդ ծախսերով, ես սիրով կհրաժարվեմ այդ վայելչությունից. միայն իմ կարծիքով ամառանոցը թեթևացնում է ծախսերը, որովհետև այնտեղ ավելի մխսելու առիթներ չկան։

— Մենք բոլորեքյանքս չենք կարող գնալ,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը.— գերդաստանը կբաժանվի երկու մասի, այն ժամանակ ծախսը ևս կլինի կրկին՝ մեկը քաղաքում, իսկ մյուսը՝ ամառանոցում։

— Այդ նույնպես փաստ չէ.— խոսեց օրիորդը,— իմ կարծիքով մի ամբողջ, երբ բաժանվում է երկու հավասար մասերի, նրա մասերն ունին նույն չափը, նույն կշիոր և նույն համարումը, ինչ որ ուներ ամբողջը։ Դիցուք մեր բոլոր գերդաստանը քաղաքում ունի