Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամսական հարյուր մանեթ ծախս, իսկ բաժանվելով երկու մասի, հավանական է, որ ամեն մի բաժինը կունենա հիսուն մանեթ։

— Մաթեմատիկա ես չգիտեմ, բայց այնքան մանրամասնություններ կան այստեղ թաքնված, որ չէ կարելի մի առ մի համարել,— պատասխանեց գլուխը շարժելով Ճանճուր Իվանիչը։— Բայց թող դրանք մնան. Սոֆի, ես ուրիշ նպատակ ունիմ քեզ համար, այդ պատճառով վախում եմ ամառանոց գնալն արգելք լինի... գիտե՞ս։

— Թե դուք ինչ նպատակ ունիք իմ մասին, այդ ես չգիտեմ, միայն մենք այնքան հեռու չենք գնում քաղաքից, որ իմ բացակայությունս արգելք լիներ ձեր նպատակին․ մինչև Կոջոր ընդամենը տասնվեց վերստ է։

Ճանճուր Իվանիչը նկատելով, որ օրիորդ Սոֆին չէ համոզվում՝ ընդունեց փոքր-ինչ խիստ կերպարանք։

— Դու լսիր, ինչ ասում են քեզ. քո հայրը կյանքի փորձերում ավելի հմուտ է, քան թե դու, և գիտես, որ հայրը միշտ յուր զավակների բարին է մտածում,— ասաց նա։

— Ես չեմ ընդդիմանում ձեր կամքին,— պատասխանեց օրիորդը դժգոհությամբ,— սակայն առողջությունը ամենագլխավորն է, և ծնողները պիտի մտածեն դեռ իրանց զավակների առողջության համար։

Ճանճուր Իվանիչը ոչինչ չպատասխանեց։ Եվ օրիորդը մի քանի րոպեից հետո խորին տրտմությամբ դուրս գնաց հոր սենյակից։

Ճանճուր Իվանիչի խստասրտությունը կայծակի հարված եղավ օրիորդ Սոֆիի սրտին, և այնքան ամառանոցի զվարճությունների ցանկությունը չէր, որքան պատանի Մայիլովի կարոտը, որ սկսավ օրըստօրե մաշել նրան, մինչև նա ուղիղ հիվանդացավ։

Մյուս օր առավոտյան օրիորդը դուրս չեկավ յուր ննջարանից։ Տիկին Բարբարեն գնաց նրա մոտ և գտավ նրան վառվելիս ջերմության մեջ։ Զարհուրեցավ խղճալի մայրը և իսկույն հրամայեց բժիշկ կանչել։

Հայտնվեցավ բժիշկը, մի փոքրիկ մարդ ալեխառն մազերով և ակնոցներով։ Նա նայեց հիվանդին. «թեթև տաքություն է, շուտով կանցնի», ասաց։ Եվ գրելով մի դեղատոմս, հիվանդի մասին մի քանի հարկավոր պատվերներ տվավ և հեռացավ։

Երեկոյան տաքությունն ավելի սաստկացավ և նա սկսեց զառանցել. «Նիկոլ, թող տուր ինձ»— հաճախ այդպիսի խոսքեր լսելի էին լինում նրա մտավոր ցնորքների մեջ։