Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մագրամ, վո՜ւրքան բախտավոր ին մեզմեն ծտիրը, չուրս վուտնանիքը, թեգուզ շնիրը... Նրանց վուրթիքը հաց չին ուզում, ջուր չին ուզում, նրանք մոդա չունին, պարտնոյ չունին... էնքան էլավ, վուր ծնեցին, մե քանի օրից հետո իրանց գլխեմեն ռադ ին անում իրանց լակոտնիրը, վուր գնում ին իրանց համա ապրում։ Դու տեհնում իս բադի ճուտը հենց ձվեմեն դուրս է գալի թե չէ, իրա համա ուտելիք է գթնում, ու թե վուր ջուրը գցիս, լիղ տալն էլ գիդե, ասել է թե, առանց ուստի իրա՝ փեշակը ձվի միջում սորված է ըլում։ Համա միր վուրթիքը ծնելեմեն ետքը հենց մե գունդ միս ին ըլում. վուչինչ չին իմանում, հենց լաց ին ըլում ու լաց ին ըլում. ի՞նչ է — տվեք ուտինք, տվեք հագնինք, վուր մինձանանք։ Էնդումեն դեն՝ դե՛ ձիձա ճարե, դե քոծ ու բիճ բռնե, ու չիս գիդի ուրիշ ինչիր չին ուզում քիզմեն... ու էտպես տարիներով պահում իս, պահում իս, հենց վուր մե քիչ մինձացավ, մի բան էլ նուր է լուս ննգնում — ուսում էլ գուզե, ասում ին։ Էտ պատիժն էլ աչքիս վրեն։ Վուրթիքդ, ան աղջիկդ մե քանի տարի գնում ին ըշկոլներում թրև ին գալի։ Միր պարուննիրը գալիս ին հոր տուն։ Ի՞նչ ին բերի ըչկոլեմեն։ Սատանան գիդե նրանց գլուխը։ Նրանց մեջ մե օրինավոր բան չիս տեհնի։ Մագրամ սկսում ին իրանց պապենական ադաթները չհավնիլ, հերն ու մերը ինչ վուր խրատում ին, նրանք ծիծաղում ին, մասխարա ին քցում. լավ ուտիլ, լամ հագնիլ ու քեփ կի սիրում ին։ Էտ է ձիր ուսո՞ւմը, թքեմ ես դրա ռեխին։ Մագրամ ի՞նչ անիս, վո՞ւր ջուրն ընկնիս, ո՞ւմ հասկացնիս, վուր էտ թավուր դարդակ բանին փուղ մսխիլը մինձ անխելքութին է...»։

Վերջին խոսքերը բավականին զայրացրին Ճանճուր Իվանիչին, և նա սկսավ հայհոյել հասարակության ունեցած կարծիքը ուսման և գիտության վրա և այդպիսով, փոքր-ինչ զովացնելով յուր սրտի բորբոքը, դարձյալ մտավորապես դարձավ դեպի յուր վիճակը։

«Հորես ես,— շարունակեց նա,— տուն իմ դրի, վուրթիք իմ մինձացրի, օձի նման հազար գամ շապիկ իմ փոխի, ինչկլի մե քանի ջահի ձեռք իմ գցի. հիմի իմ կինքիս վերջին օրում ուզում ին ձեռնեմես խլի. դե՛, արի՛ մարդ ըլի ու սրտաճաք չըլի՛... Իմ հոգին գիդենա վուր անասունները միզմեն լավ ին, վուր էս դարդիրը չունին։ Երնեկ ես շուն ըլեի ու մարդ չըլեի... Ամա չէ, մե բան կա,— մի նոր գաղափար զղջալ տվեց յուր ասածից.— մի բան կա,— կրկնեց նա,— վուր մինք փուղ ունինք, համա շնիրը չունին, դրանով մարդը մե քիչ լավ է նրանցմեն։ Թե վուր էդ չըլեր, վա՜յ քու միղքը, մարդ, էն ժուգը քու օրը ի՞նչ պտի ըլեր, ու ինչո՞վ պտի մխիթարվեիր դուն...»։