Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդի արտաքին կերպարանքը, նրա եվրոպական հագուստը, որ բավական մաքուր և վայելուչ էր, ցույց էին տալիս, թե նա շատ ու քիչ պատվավոր վաճառականների կարգից է։

Սամիլ Պետրովիչը թեև այդ պարոնի հետ մոտ ծանոթ չէր, բայց նա յուր սովորական կեղծավորությամբ կարողացավ նրա հետ խոսակցության մեջ մտնել, որ մի քանի րոպե նրանց մեջ տևելուց հետո այսպիսի կերպարանք ստացավ.

— Դուք ի՞նչ իք շինում, Սամիլ Պետրովիչ,— հարցրեց երիտասարդը համակրաբար նրա երեսին նայելով։— Ս՛իր առուտուրը, վուր էսպիս վատ է գնում, փոդրաթի խերը դուրս է էկի․ պռուսների կռիվը առուտուրը հիդ գցեց․ մե խոսքով միր բազարը քեսատ է, ձիրը վո՞ւնց է։

— Իմ փեշակը բարի փեշակ է, չի ըլի վուր նա քեսատութին ընկնի,— պատախանեց Սամիլ Պետրովիչը։— Օրինակի համա ասիմ, մե կազյոննի շինվածքի մտիկ անելիս դուք ձիր մտքում ասում իք՝ նետավի էս տունը քանդվեր, ես փոդրաթով վիր առնեի, էսքան մանեթ աշխատեի. կամ թե ամբարնիրում հաց ունիս, ամեն առուտեհան աղոթք իս անում, վուր սով ըլի, բալքա փութը տասը մանեթով ծախիս։ Մագրամ միր փեշակը վուչ թե ձերիցը, բայց տերտերի փեշակեմեն էլ լավ միտք ունե. տերտերը մե մարդու մտիկ անելիս, իլլահքի վուր մե քիչ տարիքը անցած է ըլում, իր մտքում ասում է՝ «էտ անիծածը ե՞փ պտի մեռնի, վուր դրա շիլափլավն էլ ուտիմ, շուրերը պլոկիմ», ու էնենց էլ հաքիմը, վուր հարուստին տեհնի, կոսե, «էս շանվուրթին իսկի չէ՛ հիվանդանում, մագրամ, ինչպես ասացի, միր փեշակի միտքը բարի է. մինք չալիշ ինք գալի, վուր ուրիշները կնկա տեր դառնան, իրանց համա քեփ անին, մինք սովդան բարիշացնինք։

Սամիլ Պետրովիչի կիսազվարճալի ոճը շարժեց երիտասարդի ծիծաղը, և նա եռանդով դարձավ դեպի նա՝ ասելով.

— Եփ վուր էտենց է, ինչի՞ ինձ համա մե բան չիս շինում։

— Քիզ համա՞,— կրկնեց մոցիքուլը ուրախությամբ,— օրհնած, դուն ե՞փ ասացիր, վուր ես չշինեցի։

— Հիմի ասում իմ։

— Քեզ համա հեստի աղջիկ ունիմ, վուր սաղ քաղքում հատը չկա։

— Ո՞վ է,— ախորժանոք հարցրեց երիտասարդը։

— Գանա էտպես հիշտութինով կոսի՞մ,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը՝ կամենալով ավելի արժանավորություն տալ յուր խոսքերին։