Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաց լուսամուտի հանդեպ—խորին մտահուզության մեջ, նստած էր օրիորդ Սոֆին և նայում էր դեպի գեղեցկազարդ հեռուն։ Նա նայեց, երկար նայեց և բնության այդ գեղարվեստ պատկերները ծնեցին նրա հոգում հազարավոր զվարճալի զգացմունքներ։

Նրա մոտ, բոլորովին զմայլած օրիորդի էշխով, նստած էր Մայիլովը։

Այդ օրը արշալույսն այնպես վարդագեղ ներկելով յուր դեմքը, կարծես թե մրցել էր կամենում օրիորդի թշերի ալ գույնի հետ, որ իբրև գեղեկության դիցուհի՝ յուր սրբարանից իշխում է բնության վրա։

— Տեսնո՞ւմ ես, Նիկոլ,— ասաց նա հրճվելով,— ի՜նչ գեղեցիկ առավոտ է այսօր... Նայիր, տես թե քանի հրապուրանքով ծառերի տերևները, ծաղիկների փնջերը զարդարված առավոտյան ցողի գոհարներով, ժպտում են արևի առաջին ճառագայթների հետ։

— Այո՛, հիանալի է,— պատասխանեց պատանին՝ խորին համակրությամբ։

— Լսո՞ւմ ես, Նիկոլ, թե ի՛նչպես սոխակը անհոգ և քաղցրաձայն հնչեցնում է յուր երգը։ Բնության այդ շքեղությունները, ասես թե, ոգևորում են թռչունների պոետին։

— Լսում եմ,— կարճ պատասխանեց Մայիլովը։

— Երանի՜ թե մարդ նույնպես ունենար նրա գեղեցկասեր ճաշակը,— խոսեց օրիորդը զգացված։

Օրիորդի վերջին խոսքերը մոգական ազդեցություն ունեցան պատանի Մայիլովի վրա, և նա կարծես թե զվարթացավ յուր մտավոր թմրությունից։

— Դու կարծում ես մարդը չէ՞ կարող սիրել գեղեցիկը,— հարցրեց նա՝ ուղիղ օրիորդի երեսին նայելով։

— Իմ կարծիքով՝ ո՛չ այնքան... որովհետև մարդու զգացմունքները խիստ կոշտ են,— պատասխանեց օրիորդը վհատությամբ և նույն րոպեին երեսը շրջեց և սկսավ նայել դեպի հեռուն։

— Բայց ե՞ս...

— Քեզ պետք է դեռևս շատ ուսանիլ...

— Սերը արվեստական իրողություն չէ, նա ուսում չունի։

— Իրավ այդպես է, բայց մի սիրտ, որ չունի զարգացած կրքեր, նա դատարկ թմբուկ է։

— Բայց մենք ևս չնախանձենք սոխակին։

— Ի՞նչպես,— հարցրեց օրիորդը։

— Այնպես որ, եթե դու թույլ տայիր, ես այս րոպեիս կփաթաթվեի