Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քո պարանոցով և մի քանի համբույր կքաղեի քո թշերից, որպես սոխակը, որ այնպես տարփանքով գրկում է գեղեցիկ ծաղիկները և այնպես բորբոքված ծծում նրանց անուշահոտությունը։

Օրիորդը մպտեցավ։

— Դու ցանկանո՞ւմ ես այդ։

— Շա՜տ...

— Կարող ես։

Եվ Մայիլովը քնքշությամբ գրկեց նրան, և երկար նրա շրթունքները չէին հեռանում օրիորդի նույն րոպեին բոցավառված թշերից։

Մյուս սենյակից լսելի եղավ ոտքի ձայն։

— Բավական է, Նիկոլ։

Ներս մտավ Մաշան։

— Այստե՞ղ եք հրամայում բերել ձեզ համար թեյ,— հարցրեց նա։

— Մայրս վե՞ր է կացել քնից,— հարցրեց օրիորդ Սոֆին։

— Դեռևս ոչ։

— Ուրեմն այստեղ։

Աղախինը հեռացավ։

Ներս մտավ Գրիգոլը սուլելով և զվարթ դեմքով։ Նա անփույթ կերպով ձեռք տվավ յուր դասընկերին և սկսավ դարձյալ սուլելով պտտիլ սենյակում։

— Ո՞ւր էիր, Գրիգոլ, այսպես վաղ առավոտյան, ես մի ժամ ավելի է, սպասում եմ քեզ,— հարցրեց նրանից Մայիլովը։

— Ես ամեն առավոտ արևածագից առաջ գնում եմ զբոսանքի,— պատասխանեց գիմնազիստը։— Այսպես չէ՞, Սոֆի։ Պատմեմ ձեզ մի նորություն, մինչև այսօր ես ոչ ոքի չէի հանդիպել, որ ինձանից առաջ դուրս եկած լիներ զբոսանքի, բայց այսուհետև չեմ կարող հպարտանալ դրանով, որովհետև այսօր մի պարոն ինձնից առաջ էր դուրս եկել զբոսնելու։

— Ի՞նչ պարոն,— հարցրեց օրիորդը։

— Մի պարոն, Պետերբուրգի համալսարանն ավարտած. նա նոր է եկել ամառանոց և մեզ դրացի է։

— Մեզ դրացի է,— հարցրեց օրիորդը։

— Այո՛, մեզ դրացի։

— Երիտասա՞րդ է։

— Նորահաս, գեղեցիկ երիտասարդ, համարյա՛ քսանևհինգ տարեկան, խիստ վայելուչ կերպով հագնված։