Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին խոսքերը գրգռեցին օրիորդի հետաքրքրությունը, և նա շարունակեց յուր հարցուփորձը.

— Նա խոսե՞ց քեզ հետ։

— Խոսեց։

— Ի՞նչ ասավ։

— Նա հարցրեց, թե ես որտե՞ղ եմ բնակվում, ես նրան ցույց տվի մեր կացարանը և ասացի, որ մորս և քույրերիս հետ եմ բնակվում։

— Նա մի ուրիշ խոսք չասա՞ց։

— Նա ասաց, թև ձեր քույրն ա՞յն օրիորդն է, որ այն երեկո բակում ման էր գալիս սպիտակ հագուստով․ ես պատասխանեցի՝ այո՛․ հետո նա ասաց, թե ես իմ լուսամուտից տեսնում էի ձեզ։

— Էլ ի՞նչ ասաց,— հարցրեց օրիորդը՝ չբավականալով լսած տեղեկություններով։

— Էլ ի՞նչ պիտի ասեր,— մի փոքր պինդ ձայնով պատասխանեց Գրիգոլը,— ես արդեն նրա հետ մոտ ծանոթացա։

— Ինչպե՞ս, Գրիգոլ, քո հոգուն մատաղ,— դարձյալ հարցրեց օրիորդը։

— Մենք զբոսանքից դարձանք միասին,— խոսեց Գրիգոլը,— անցնելով նրա կացարանի մոտից, նա ինձ հրավիրեց յուր մոտ․ մենք միասին թեյ խմեցինք, նա խոստացավ ինձ օգնել դասերս սերտելու։ Մի խոսքով' նա շատ ազնիվ և բարեսիրտ տղամարդ է։

Մայիլովը լուռ ականջ էր դնում քույր և եղբոր խոսակցությանը, մինչև նա տաղտկացավ լսելուց և դարձավ դեպի յուր դասընկերը՝ հարցնելով.

— Գրիգոլ, բերե՞լ ես Լերմոնտովի երրորդ հատորը։

— Ո՛չ, մոռացել եմ, տանն եմ թողել,— պատասխանեց Գրիգոլը։

— Ես ուզում էի մի անգամ ևս աչքի անցնել․․․

— Բայց դու ասա, Գրիգոլ,— նրանց խոսակցությունը ընդհատեց օրիորդը,— ի՞նչպես է նրա ազգանունը։

— Նա ասաց յուր անունը և ազգանունը, ՛բայց ես մոռացա,— պատասխանեց Գրիգոլը։

— Ի՜նչ մոռացկոտն ես, Գրիգոլ։

— Դե ի՞նչ ես շտապում, դու շուտով կծանոթանաս նրա հետ, ես միտք ունիմ այս երեկո հրավիրել նրան մեր տուն թեյ խմելու։

— Այո՛, շատ լավ կանես,— ուրախությամբ պատասխանեց օրիորդը։— Բայց դու ասա՛, Գրիգոլ, քանի՞ օր է, ինչ որ նա եկել է քաղաքից։