Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներելի էին և փոշետեսակ։ Իսկ երբ պատահում էր նրան գործել խոշոր մեղքեր, այդ մասին նույնպես հոգ չուներ նա։ Որովհետև կրոնքը շնորհել էր նրան խիստ դյուրին միջոցներ յուր հոգին սրբելու։ Տարին մի անգամ, ավագ շաբաթի օրը, նա անխափան պարտք էր դրած յուր վրա հաղորդիչ տիրոջ մարմնով և արյամբ և նորոգել յուր քրիստոնեության կապը աստծո հետ։ Հաղորդվելուց առաջ նա խոստովանում էր տերտերի մոտ յուր մեղքերը, և նրա խոստովանահայր քահանան այնքան բարի մարդ էր, որ առանց ծանր ապաշխարանք դնելու նրա վրա, թողություն էր տալիս նրա հանցանքներին, մանավանդ երբ խոստովանողը գաղտնի սողցնում էր նրա ձեռքում մի քանի աբասի, այնուհետև մեղքերի քավողը պատրաստ էր արդեն նրա անունը հիշել յուր պատարագի մեջ և բարեխոսել նրա մասին աստծո առջև։ Եվ այդ միջոցով Ճանճուր Իվանիչը տարին մի անգամ թոթափում էր ժամտան անկյունում յուր մեղքերի ծանրությունները, և սրբվում էր, որպես սրբվում է սևացած պղինձը կլեկագործի արհեստով։

Եվ այդպիսով Ճանճուր Իվանիչը հասարակության մեջ իրան հայտնի էր կացուցել ո՛չ միայն իբրև մի բարեպաշտ և արդար հայ քրիստոնյա, այլև որպես մի բարեմիտ և պատվավոր քաղաքացի։

Ի՞նչ էր արգելում նրան զրկվել այդ փայլուն տիտղոսներից։

Նրա մեծակշիռ շարժական և անշարժ հարստությունը բավական էր շնորհել նրան պատվավոր քաղաքացիի համարումը։ Իսկ նրա արտաքին բարեպաշտությունը, որով անթերի լցուցանում էր նա յուր կրոնական ծեսերն, բավական էին շահելու բարի քրիստոնյայի կոչումը։

Արդարև, Ճանճուր Իվանիչը երբեք յուր կյանքում պաս չէր կերած, նա չէր լուծում սուրբերի տոները և կիրակիները։ Եկեղեցու դռնից կամ կամուրջի վրայից անցնելու միջոցին միշտ պատրաստ էր խաչակնքել յուր երեսը։ Թելեթի, Ծիրանավորի, Նորաշենի, Ջիգրաշենի, Մուղնու տոնախմբության օրերում նա ամենայն տարի յուր գերդաստանով գնում էր համբուրելու։ Եթե նրա որդիներից հիվանդանում էին, և գուշակող պառավը ասում էր, թե այդ «խեչեմեն» է, նա առանց ուշացնելու հիվանդին յուր մոր հետ ուղարկում էր «զամիսթեվա» Բեթղեհեմում, կամ մեյդնի եկեղեցում։ Եվ այնտեղ այնքան մնում էին, մինչև սուրբը երազում նրանց հրաման էր տալիս տուն դառնալու։

Բացի դրանից, Ճանճուր Իվանիչը ամեն շաբաթ սովորություն ուներ կյուրակե օրերն ժամ գնալ և պատարագ տեսնել։ Նա եկեղեցին