Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վնասակար գաղափարները, որ տպավորվել էին նրա հոգում՝ յուր ինստիտուտական տարապայման կրթությունից։

Մի առավոտ, երբ արևը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, Արամյանը և օրիորդ Սոֆին միայնակ նստած էին բաց լուսամուտի հանդեպ։ Գրիգոլն ու Մայիլովը գնացել էին զբոսանքի, իսկ տիկին Բարբարեն մյուս սենյակումն էր։

Արամյանը երկար նրան պատմելով, թե ի՛նչ նշանակություն ունի ազգայնության գաղափարը, խոսում էր նրան նույն րոպեին հայոց ազգի հին և նոր պատմական կյանքից, և բացատրում Էր նրան, թե ի՛նչն էր հայոց գլխավոր թշվառությունների պատճառը։

Խոսքը հասավ լեզվին, թե ազգային կյանքում ի՛նչ նշանակություն ունի լեզուն։ Եվ Արամյանը խիստ քաղաքավարի կերպով հարցրեց օրիորդից, թե արդյոք նա չի ցանկանում սովորել յուր մայրենի լեզուն։

Արամյանի այդպիսի հարցմունքը շարժեց օրիորդի ծիծաղը, և նա պատասխանեց երգիծական ոճով.

- Ի՞նչ ախորժանք՝ սովորել մի լեզու, որով կրոները միայն կարսղ են խոսել։

Արամյանը խիստ վշտացավ այդ պատասխանով։

- Ինչպե՞ս,- հարցրեց նա ուղիղ օրիորդի երեսին նայելով։

- Այնպես՝ որ այդ լեզուն այնպիսի լեզու չէ, որով ուսյալ մարդը կարողանա բացատրել յուր միտքը։

Խոսելով լեզվի վրա, օրիորդը փոխանակ ասելու հայոց լեզուն, ասում էր այդ լեզուն, կամ ձեր լեզուն, կարծես թե մեղք էր բերան առնել հայ բառը։

- Ինչո՞ւ,- հարցրեց Արամյանը։

- Նրա համար, որ ուսումնական և արհեստական բառեր չունի, նա բաղկանում է միայն այնպիսի բառերից, որով մի բազազ գիտե կեղծավորել, սուտ երդվել, հայհոյել, անիծել և այլ այդպիսի կեղտոտ բաներ արտասանել։

Արամյանը բարկության չափ վշտացավ վերջին խոսքերից։

- Ներողություն, օրիորդ, բոլորովին սխալ է ձեր կարծիքը,-ասաց նա։

- Ներողություն, պարոն Վահե, ինչով եք զուր հակառակում,- խոսեց օրիորդը ավելի համառությամբ։- Ոչ միայն ուսումնական բառեր այլև կյանքի մեջ հասարակ, ընտանեկան բառեր չունի այդ լեզուն։ Օրինակի համար, ձեր լեզվով ի՞նչպես պետք է ասել շլյապա, շլեյֆ և այլն։