Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առիթ չեղավ նրա հետ խոսելու կամ հեռվից գլուխ տալու, ինչպես առաջ սովորաբար անում էին։

Օրիորդի սրտում վառվել էր մի կայծ, որ բորբոքում էր նրա սերը դեպի վայելուչ երիտասարդը։

Մի գիշեր Գրիգոլը հայտնեց նրան, թե Արամյանը միտք ունի թողնել ամառանոցը և գնալ քաղաք։ Այդ լուրը կայծակի հարվածի ազդեցություն ունեցավ օրիորդի սրտին, երբ մտածեց, թե նա պիտի բաժանվի իրանից բոլորովին խռոված կերպով։ Առավոտյան նա շուտով վեր կացավ, հագնվեցավ, առավ հովանին և գիտենալով այն ժամը, երբ Արամյանը գնում էր զբոսանքի դուրս եկավ կացարանից, այն հուսով՝ թե գուցե հանդիպի նրան։

Բարեբախտաբար օրիորդը հանդիպեց նրան, երբ Արամյանը նոր էր դուրս գնում։

-Բարև, պարոն Վահե,-ասաց օրիորդը ձեռքր մեկնելով նրան։

-Բարով,-կրկնեց Արամյանը՝ սեղմելով նրա ձեռքը

-Ո՞ւր այդպես։

-Դեպի անտառ,-պատասխանեց Արամյանը։

-Կարո՞ղ եմ ընկերանալ ձեր զբոսանքին։

-Կարող եք։

-Տվեք թևդ,-խնդրեց օրիորդը։ Արամյանը տվավ նրան յուր թևը։ Նրանք դիմեցին դեպի անտառ։

-Էս լսեցի, որ դուք միտք ունիք այսօր գնալ քաղաք, իրա՞վ է,-հարցրեց օրիորդը։

-Պիտի գնամ երեկոյան պահուն, -պատասխանեց Արամյանը

-Ի՞նչ պատճառով։

-Իմ համալսարանական ընկերս քաղաքում հիվանդ է, գնում եմ նրա մոտ։

-Ուրեմն կմնա՞ք նրա մոտ։

Եթե նա համաձայնի կամ կարողանա այստեղ գալ, ես կբերեմ նրան, բայց թե չկարողանա, պիտի մնամ նրա մոտ։ Օրիորդը մի քանի րոպե լռեց։

-Եվ դուք առանց ինձ հետ հաշտվելու պիտի գնաք, -հարցրեց նա ողորմելի կերպով։

-Մի՞թե ես կռվել եմ ձեզ հետ,- խոսեց Արամյանը։

-Ո՛չ, անցյալ օրը ես բարկացրի ձեզ, և դուք մասնավորապես խռոված եք ինձնից, այնպես չէ՞։