Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ինչո՞ւ պիտի խռովեմ ձեզանից և ի՞նչ իրավունք ունիմ բարկանալ ձեզ վրա, միայն ես ցավում եմ, որ մեր ազգը ուսյալ օրիորդները, որոնց վրա մենք դրել ենք մեր հույսը, թե նրանք պիտի լինեն ապագա կրթյալ սերնդի մայրերը, խիստ զզվանքով են նայում իրանց ազգի վրա։

-Ներողություն, եթե այդ վշտացրել է ձեզ։

-Ավելորդ է ներողություն խնդրել, ես ավելի ուրախ կլինեմ, երբ դուք սիրեք մեր ազգը։

-Ես այսուհետև պիտի հակառակիմ ձեզ այդ մասին։

-Ես կամք չունիմ բռնաբարել ձեր համոզմունքը,- պատասխանեց Արամյանը։

-Ես պիտի ուսանեմ հայերեն խոսել, այդ լա՞վ է, - կրկնեց օրիորդը ժպտալով։

-Այդ ձեր ազգային պարտավորությունն է,-պատասխանեց Արամյանր սառնությամբ։

Նրանց մեջ տիրեց լռություն։ Արամյանը ամենևին էր հավատում օրիորդի խոստմունքին, թե նա կսովորի յուր մայրենի լեզուն, թեև նա կիսակատակի ոճով խոստացավ այդ։

-Դուք ասացիք, թե համալսարանական ընկերդ հիվանդ է,- հարցրեց օրիորդ Սոֆին,- ո՞վ է նա և ի՞նչպես է կոչվում։

- Նա մեր քաղաքացի չէ և կոչվում է Սմբատ Քաջբերունի,-պատասխանեց Արամյանր։

- Ի՞նչ օտարոտի անուն է այդ, պարոն Վահե,-պատասխանեց օրիորդը նուրբ ծիծաղով։

-Ուրեմն և իմ անունս պիտի օտարոտի թվի ձեզ, որովհետև այդ ևս ձեզ անծանոթ պատմական անուն է։

-Ներեցեք, խնդրեմ, որը չեմ կարող ասել ոչ,- ասաց օրիորդը։

Արամյանի դեմքը դարձյալ մռայլվեցավ։

-Բայց ի՞նչպիսի անուններ եք սիրում դուք։

-Ես սիրում եմ ահա այսպիսի անուններ-Վանյա, Սաշա, Կոլյա...

-Դրանք դերասանների և արտիստների անուններ են։

-Ի՞նչ փույթ, բայց քաղցրահնչյուն են. հապա ինչ են սրանք- Կիրակոս, Մարտիրոս, Խեչո և այլն,-խոսեց օրիորդը՝ երեսի վրա ձևացնելով արհամարհական ծամածռություններ։

- Անունները ոչինչ նշանակություն չունի մի ազգի լավ կամ վատ հատկությունների համար,- պատասխանեց Արամյանը։ -