Միմիյան օտարամոլությունը ծնեցրել է ձեր մեջ այդպիսի գաղափարներ։ Բայց այն, որ վերաբերում է իմ և իմ ընկերիս անուններին, եթե դուք կարդայիք հայոց ազգի պատմությունը, այն ժամանակ կգիտենայիք, թե ո՛վքեր էին Քաջբերունիք, ո՛վքեր էին Սմբատը, Արամը և Վահեն,-և նա սկսավ պատմել նրան այն ժամանակներից, երբ հայերը ունեին թագավորություն և թե ովքեր էին Քաջբերունիք, Սմբատը, Արամը և Վահեն։
Արամյանի պատմությունը բավական ազդեցություն արավ օրիորդի սրտին, և նա, զղջալով յուր խոսքերի համար, ասաց.
-Ներողություն եմ խնդրում անգետ նկատողության համար, կարելի է վշտացրի ձեզ։
-Ես չեմ վշտանում, միայն ցավում եմ, որ դուք չգիտեք մեր ազգի պատմությունը։
-Ես ինչ մեղք ունեմ, չեն սովորեցրել,-պատասխանեց օրիորդը զգալի եղանակով։
Արամյանը լռեց։
-Ասացեք, խնդրեմ, ի՞նչպիսի մարդ է այդ պարոնը, -ձեր համալսարանական ընկերը,-հարցրեց օրիորդ Սոֆին մի քանի րոպեից հետո։
-Նա մի գործունյա, խոհեմ և ուսյալ մարդ է,- պատասխանեց Արամյանը։
-Շա՞տ ուսյալ է։
-Նա այժմ փիլիսոփայության և իրավաբանական դոկտոր է։
-Ո՞րտեղ է ավարտել։
-Իրավաբանությունը Պետերբուրգի համալսարանում, իսկ փիլիսոփայություն Գերմանիայում։
-Ուրեմն երևելի մարդ է,-կրկնեց օրիորդը,-բայց ասացեք՝ երիտասա՞րդ է։
-Նա այժմ կլինի մոտ երեսունևհինգ տարեկան։
-Դուք նրան կբերեք ամառանոց։
-Հույսս մեծ է։
-Եվ կծանոթացնե՞ք ինձ նրա հետ։
-Այո՛։
Երկու կողմից ևս տիրեց լռություն։
Օրիորդ Սոֆին մտածում էր Քաջբերունու վրա և յուր մտքի մեջ զանազան կերպարանքներով նկարագրում փիլիսոփայության և իրավաբանության դոկտորին, թե որքան վայելուչ կերպով հագնված պիտի լինի, որքան շնորհալի վարվեցողություն ունենալու է․