Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ մեղ ունինք մենք, որ չգիտենք մեր մայրենի լեզուն,— պատասխանեց օրիորդը։

— Մեր ընտանեկան լեզուն վրացերեն է. քանի մանուկ էի, այդ Լեզվով էի խոսում, իսկ երբ ուսումնարան մտա՝ ռուսերեն։

— Այդ ցավալի է,— խոսեց Արամյանը։

Նրանք դուրս եկան անտառից: Արամյանին դարձյալ զբաղեցրեց այդ քաղաքի հայ օրիորդների կրթության հարցը։ Եվ խոսակցությունը նրանց մեջ ընդհատվեցավ։

ճանապարհին նրանց հանդիպեցին երկու չափահաս օրիորդ, բավական ախորժելի դեմքով, ճաշակով հագնված, որոնք նույնպես վերադառնում էին առավոտյան զբոսանքից իրանց մոր և մի մանկահասակ աստիճանավորի հետ։ Այդ օրիորդները թեթև գլուխ տվին օրիորդ Սոֆիին և ժպտալով անցան։

— ճանաչո՞ւմ եք դրանց,— հարցրեց Արամյանից օրիորդը։

— Ոչ — պատասխանեց Արամյանը։

— Դրանք կնյազ Ն—ովի աղջիկներն են. այն կինը նրանց մայրն է, իսկ ջահել աստիճանավորը փոքր քրոջ տարփածուն։

— Մի՞թե,— հարցրեց Արամյանը՝ հետ նայելով՝ մյուս անգամ նայելու նրանց։

— Այո, երկուսն էլ բավական լպստածներ են։

— Այդ ցավալի է, որ մեր հայ օրիորդներն այստեղ ըստ մեծի մասին բարոյապես լավ չեն կրթվում,— խոսեց Արամյանր,— և մի օրիորդ, որ ունի փոքրիշատե մաքուր բարոյականություն, առավելապես գտնվում է անկիրթ դասերի մեջ, քան թե կրթվածների... արդարև ցավալի է այդ...

Օրիորդ Սոֆին ոչինչ չպատասխանեց։

Այն երկու օրիորդները, որ անցան իրանց մոր հետ, կրտսերը գաղտնի ասաց յուր երեց քրոջը.

— Տեսա՞ր, Անիչկա, այն մանուկ տղամարդը, որ գնում էր Ասֆիի հետ։

— Տեսա՛,— պատասխանեց Անիչկան,— բայց ինչ սիրուն տղամարդ է, Լիգա, ո՞րտեղից է գտել նրան Սոֆին։

— Նա արդեն վարպետ որսորդ է,— պատասխանեց կրտսեր քույրը։— Բայց գիտե՞ս, Անիչկա՛, ասում են այդ պարոնը միտք ունի պսակվել Սոֆիի վրա։ — Բախտավոր է Սոֆին,— պատասխանեց երեք քույրը՝ խորին նախանձավորությամբ։