Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդը շարժվեցավ լուսամատի առջևից, միևնույն րոպեին երևան եկավ նրա թարձր հասակը, որ կորացել էր կարծես հոգսերի հարվածների ներքո։

Նա սկսավ վայելել սուրճը։

Նախաճաշիկից հետո նա վառեց յուր ծխամորճը և սկսավ ծխել ու դարձյալ լուսամուտից նայել դեպի պարտեզը։

Հանկարծ ներս մտավ Արամյանը ոտքից ցգլուխ հագնված սպիտակ և թեթև ամառային հագուստով։

— Բարով, Վահե,— ասաց նրան առաջին տղամարդը ամենևին չշարժվելով յուր տեղից։

— Բարով, Սմբատ,— ասաց Արամյանը և ուրախությամբ մոտեցավ, սեղմեց նրա ձեռքը և կանգնեց նրա առջև։

— Ի՞նչպես ես այժմ,— հարցրեց նա,— քո հիվանդությունը շատ վախեցրեց ինձ, բայց հույս ունիմ, թե այժմ լավ ես։

— Մաշված և ավերված մեքենան վաղ կամ ուշ վերջապես պիտի դադարի գործելուց, նրա վրա հուսալ իզուր է,— պատասխանեց Քաջբերունին։

— Դարձյալ պետք է պահպանել կյանքը,— պատասխանեց Արամյանը։— Թե չէ՝ ամենիս դռանը մահը խիստ մոտ է կանգնած։

— Է՜հ, մեր կյանքը ինքնըստինքյան ի՞նչ նշանակություն ունի, որ հարկավոր լինի երկյուղ կրել մահից։

Արամյանը մի պտույտ տվավ նեղ սենյակի մեջ և դարձյալ կանգնելով յուր ընկերոջ առջև, ասաց․

— Գիտե՞ս, Սմբատ, ես եկել եմ քեզ մոտ այն նպատակով, որ քեզ հրավիրեմ ամառանոց, որ առողջությունդ վերականգնվի։ Ես այնտեղ վարձել եմ մի գեղեցիկ կացարան, որ երեք սենյակ ունի. մինն ինձ, մինը քեզ և մյուսը մեր ծառաներին։ Դու պատրաստվիր, կամենաս՝ այսօր երեկոյան, կամենաս՝ վաղը առավոտյան հովով գնանք Կոջոր։

— Ես չեմ կարող,— պատասխանեց Քաջբերունին սառնությամբ։

— Ինչո՞ւ չես կարող․ այժմ իմ կարծիքով այնքան տկար չես, որ մինչև Կոջոր ճանապարհորդությունը վնասե քեզ։

— Այդ չէ արգելում,— ասաց նա։

— Ուրիշ ի՞նչ է արգելում, մի՞թե դու միտք ունիս այդ մռայլոտ բնակարանի մեջ միանգամայն վատնել քո առողջությունը։ Արամյանը մի պտույտ ևս տվավ սենյակի մեջ և դարձյալ կանգնեցավ Քաջբերունու առջև։