Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բավական է, գլուխս մի′ տանիր, այժմ հասկացա, որ սիրահարված ես,— նրա խոսքը կտրեց Քաջբերունին։

— Ոչ′, այդպես մի′ կարծիր, միայն դու գիտես, որ ես գեղեցկասեր ճաշակ ունիմ։

— Այո′, ես գիտեմ․․․ Միայն ասա′, ի՞նչ ազգից է քո նկարագրած հավերժահարսը։

— Նա հայ է։ Բայց, Սմբատ, եթե ես լինեի պատկերահան և կամենայի ընծայել աշխարհին գեղեցկության դիցուհու կատարելատիպը, ես միայն նրան գաղափար կընտրեի իմ գործին։

— Այդ արդեն չափազանցություն է։

— Ո′չ, Սմբատ, քանի որ չես տեսել, կարելի է այդպես կարծել, բայց դու արդեն խոստացար գալ ամառանոց, ես կծանոթացնեմ քեզ նրա հետ, և դու անտարակույս կգովես նրա գեղեցկություն։

— Կրթվա՞ծ է։

— Այդ մասին լեզուս կարճ է․․․ այո′, նա կրթված է, որքան կարող է կրթվել մի հայ աղջիկ այստեղի դպրոցներում։ Գիտե ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն, հիանալի երգում և նվագում է։

— Իսկ հայերե՞ն։

— Հայերեն չգիտե, հայությունը նրա դավթարումը գրված չէ։

— Ի՞նչ գրքեր է շատ կարդացել։

— Ռոմաններ։

— Պրծավ գնաց․․․ արդեն հայտնի է, թե նա ի՜նչ պտուղ պիտի լինի։

Խոսակցությունը նրանց մեջ ընդհատվեցավ, երբ Քաջբերունին սկսավ վառել յուր ծխամորճը։

— Ճշմարիտ զարմանալի է, թե դու ի՜նչպես ես անցկացնում այստեղ միայնակ,— հարցրեց Քաջբերունուն Արամյանը։

— Հապա ի՞նչպես պետք է անցկացնել,— պատասխանեց Քաջբերունին անփույթ կերպով․— պարապում եմ քանի չեմ հոգնել, բայց երբ հոգնում եմ, նստում եմ այս լուսամատի հանդեպ և նայում եմ պարտեզին։

— Բայց դու ավարտեցի՞ր քո «Հայկական կյանքը»։

— Ավարտեցի։

— Ո՞ւր է։

Քաջրերունին ցույց տվավ պահարանում մի քանի հատ տետրակներ։ Արամյանը մոտեցավ, վեր առավ նրանցից մինը, որ դրված էր խոշոր և խառն գրչով, և սկսավ նայել։