Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտեր կեղծավորվել, նա, ինչպես ասում են, սատանային կնայեր։

Այգում մանուկ տղամարդու անհաջող առաջարկության օրից սկսած Սամիլ Պետրովիչն անդադար այս կողմ այն կողմն էր ընկնում, գուցե Ճանճուր Իվանիչի համար մի փեսա գտնե, և իբրև մի դալալ մարդ, նրա ապրանքի սովդան բարիշացներ մի անբախտի հետ, որպեսզի յուր համար մի քանի մանեթ մեջտեղից որսա։ Բայց Սամիլ Պետրովիչի ջանքերը բոլորն իզուր անցան մի քանի պատճառներով․ մին որ՝ Ճանճուր Իվանիչը այնքան փող չէր տալիս, որ գոնյա փեսաները, փողի առավելությանը նայելով, իրանց ամուսնացվի բարոյական արատները հաշվի չառնեին, մին էլ Ճանճուր Իվանիչը կամք չուներ օտարազգի չինովնիկի տալ, որի վրա դյուրությամբ կարելի էր մսխել մի այնպիսի օրիորդ, որպիսին Սոֆին էր։ Բայց Ճանճուր Իվանիչը կամք ուներ, ինչպես մտածում էր, երկու բարիք միասին վայելել, մին՝ հինգ հարյուր թումանով աղջիկը յուր գլխից ռադ անել, մին էլ՝ վաճառական և հարուստ փեսա ունենալ։

Այդ հանգամանքներն ավելի ճշտությամբ հայտնի լինելով Սամիլ Պետրովիչին, նա գիտեր, որ չէր կարող կատարել Ճանճուր Իվանիչի պահանջմունքները։ Այդ պատճառով նա խիստ տհաճությամբ պատասխանեց, երբ Ճանճուր Իվանիչը հարցրեց, թե ի՞նչ շինեցիր։

— Քու բանը, Ճանճուր Իվանիչ, դժար գլուխ գալու բան է,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը՝ գործագետ մարդու եղանակով։ — Առաջին վուր, քու արշինը կարճ է, քու սովդան չի ըլի շինիլ․ դուն ուզում իս, մե հինգ հարուր թումնով լավ փեսա ճարիս, էտ մեր քաղքում վո՞ւնց կուլի։ Հենց ասում իս, թե ուսում առած աղջիկ է, պտի առանց փուղի մարդու տամ. մագրամ չիս իմանում, էս անիծած ուսումը աղջկերանց մազանդան վունց կոտրից։ Սրամեն առաջ եփոր ըշկոլեմեն դուս էկած մե աղջկա սովդեն էի շինում, ու եփ վուր տղին թամահ քցելու համա ասում էի, աղջիկը էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե, էսպես սիրուն է, ու եփոր ավելացնում էի, թե ուսում էլ ունե, ըշկոլումը օխտը տարի կարթացիլ է, ռսնակ, փրանցուզնակ ջրի նման խոսում է, ու՝ ի՞նչ միղքս պահիմ, եփոր մե քանի սուտ էլ պոչին էի կպցնում, էտունք տղեն լսելիս ուրախութենից խիլքը գնում էր։ Ամա հիմի եփոր տղին ասում իս, թե աղջիկը էսքան փուղ ունե, էսպես է, էնպես է, գովում իս, ու իժում ասում իս, թե ըշկոլեմեն դուս է էկի, կուրսը պրծիլ է, տղեն